Երևանի կենտրոնում սպասում են ուտող-խմողներին և «ո՛չ» ասում պլաստիկին. լուսանկարներ

Մայրաքաղաքում կազմակերպված միջոցառումն անտարբեր չի թողել նաև զբոսաշրջիկներին. նրանց առաջին հերթին զարմացրել է, որ ամբողջ տարածքում պլաստիկ չկա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ժամանակակից երաժշտություն՝ միախառնված ակորդեոնի հնչյունների հետ, քյավառի քյուֆթա, պես-պես պանիրներ, նռան թարմ քամած հյութ, ախորժակը գրգռող, «քթից բռնող» ու տաղավարից տաղավար տանող բույրեր, ամեն կողմից լսվող տարբեր լեզուներով զրույցներ. Երևանում առաջին անգամ անցկացվում է «Գաստրո օրը»:

Սոֆյան և Հանան Շվեդիայից ընդամենը ժամեր առաջ են եկել: Երևանում հենց առաջին ճանաչողական զբոսանքը հաճելի անակնկալ է դարձել։

Երևանի կենտրոնում սպասում են ուտող-խմողներին և «ո՛չ» ասում պլաստիկին. լուսանկարներ

«Մենք սիրեցինք այս միջոցառումը, հրաշալի ժամանակ ենք անցկացնում: Հատկապես ինձ դուր եկավ այն, որ միջոցառման ամբողջ տարածքում պլաստիկ չկա. սա շատ ոգեշնչում է: Մենք առայժմ միայն հայկական օղի ենք փորձել, շատ լավն է»,- ասաց Սոֆյան:

Մայքլն արդեն մի քանի օր է՝ Հայաստանում է, հասցրել է լինել Սևանում, Իջևանում ու էլի մի քանի վայրում, որոնց հայկական անունները չի հիշում:

Երևանի կենտրոնում սպասում են ուտող-խմողներին և «ո՛չ» ասում պլաստիկին. լուսանկարներ

«Շատ գեղեցիկ երկիր է, մարդիկ շատ ջերմ են, և ես միանշանակ խորհուրդ եմ տալիս գալ այստեղ: Ինքս էլ 100 տոկոսով հետ եմ գալու»,- ասաց Մայքլը՝ հավելելով, որ Հայաստանից ստացած տպավորություններին ավելացան նորերն այսօր, երբ պատահաբար հայտնվեց Երևանի կենտրոնում անցկացվող միջոցառմանը. սիրեց ոչ միայն համեղ ուտելիքը, այլև այն, որ միջոցառման ընթացքում պլաստիկ չի օգտագործվում, այլ միայն էկոնյութեր:

Յանա Ստարավոյտովան Հայաստանում է արդեն երրորդ անգամ. ասում է, որ իր ներսում երևի հայկական ինչ-որ բան կա, որն ամեն անգամ հետ է բերում, Հայաստանում սիրում է ուտելիքը, կլիման, մարդկանց, նրանց հյուրընկալությունը: Այս միջոցառմանը Յանան մասնակցում է ոչ միայն որպես համադամասեր զբոսաշրջիկ. նա նաև մասնագիտական հետաքրքրություն ունի, քանի որ ներկայացնում է Սվերդլովի շրջանի խոհարարների և ռեստորատորների միությունը:

Երևանի կենտրոնում սպասում են ուտող-խմողներին և «ո՛չ» ասում պլաստիկին. լուսանկարներ

«Ինձ այստեղ գաղափարներն են շատ դուր գալիս, մեզ մոտ արդեն 10-րդ անգամ Խորովածի փառատոն է անցկացվում, ի դեպ, Եկատերինբուրգում շատ ակտիվ հայկական համայնք ունենք, իսկ այստեղ շրջում եմ և նաև նոր կապեր փնտրում, որպեսզի նաև հայ գործընկերներին հրավիրեմ մեզ մոտ»,- ասաց նա:

Միջոցառման կազմակերպիչներից Անի Մավյանի խոսքով՝ նման ցանկացած միջոցառման հիմքում արտասահմանյան զբոսաշրջիկներին գրավելն է, ու Հայաստանում իրադարձային զբոսաշրջությունը զարգացնելը: Սակայն այս մեկի յուրօրինակությունը նաև սոցիալական բաղադրիչն է՝ «ո՛չ պլաստիկին» սկզբունքը:

«Սրանով մենք նաև նպաստում ենք Հայաստանում պատասխանատու տուրիզմի զարգացմանը, քանի որ մեր երկիրը քիչ է ասոցացվում դրա հետ»,- ասաց Անին՝ հույս հայտնելով, որ հաջորդ տարի կլինեն ավելի շատ արտադրողներ, որոնք կնախընտրեն պլաստիկը փոխարինել էկոնյութերով, օգտագործել այնպիսի նյութեր, որոնք կկարողանան ձուլվել բնությանը:

Կսիրահարվեք Հայաստանին. ինչ է խորհուրդ տալիս դեսպան Տողանյանը ռուսաստանցի զբոսաշրջիկներին

Նշենք, որ «Գաստրո օրը» կշարունակվի մինչև երեկոյան 23:00–ն, այնպես որ համադամասերները դեռ ժամանակ ունեն վայելելու լավ երաժշտությունն ու համեղ կերակուրները:

Մուրազաբեր ձվիկներ, ավանդական խորոված, ջենգյալով հաց ու ոչ միայն. «Ուտեստ ֆեստը» Երևանում