Վրաստանի ողբերգական վթարից հետո Հայաստան տեղափոխված 16-ամյա աղջկան վիրահատել են

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխվածներից մեկն արդեն դուրս է գրվել, մյուս տուժածն էլ գիտակցության է եկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sptnik. Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 16-ամյա աղջիկը վիրահատվել է։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

«Վիրահատությունն անցել է լավ։ Շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժօգնություն»,– նշել է Դերձյանը։

16-ամյա աղջկա մոտ ախտորոշվել էր գանգաթաղի գծային կոտրվածք, անրակի կոտրվածք, կրծքավանդակի սալջարդ` ձախ թոքի սալջարդ, երկու կողերի և չորս ողերի կոտրվածքներ:

Հիշեցնենք, որ նույն վթարից տուժած 12-ամյա տղան երեկ առողջացած դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից, իսկ երրորդ վիրավորը, որ ծայրահեղ ծանր ու անգիտակից վիճակում էր տեղափոխվել ԲԿ, երեկ գիտակցության է եկել և սկսել է շնչել ինքնուրույն։

Վթարի հետևանքով մահացել էր 3 մարդ, 5-ը` տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել։

Կարգազանց վարորդները պետք է հեռացվեն երթևեկությունից. Փաշինյանը խոսեց վերջին վթարներից

Հիշեցնենք` հուլիսի 7-ին, ժամը 06։00-ի սահմանում Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել էր արգելապատնեշին և բռնկվել։ Վթարի հետևանքով 3 մարդ, որոնցից 2–ը` անչափահաս, մահացել էին, 5–ը` վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։ Բոլոր տուժածներն այժմ Հայաստանում են բուժում ստանում։

Վթարի հետևանքով մահացել էին վարորդի մայրը, նրա 15-ամյա որդին և նրանց սանիկը` 7-ամյա մի երեխա:

Ինչպես խուսափել վթարների դեպքում հնարավոր զոհերից. Արսեն Թորոսյանն առաջարկներ ներկայացրեց