ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. Ավարտվեց «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային փառատոնը: Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրանի» գլխավոր մրցանակը ստացավ Ռիչարդ Բիլինգհեմի «Ռեյ և Լիզ» ֆիլմը, որն էլ ցուցադրվեց փառատոնի փակման ժամանակ:
«Արծաթե ծիրան» մրցանակին արժանացավ Կանտեմիր Բալագովի «Լողլողը»: Ժյուրիի հատուկ հիշատակմանն արժանացավ Հասան Ֆազիլիի «Կեսգիշերային ճամփորդը»:
Թուրք կինոռեժիսորը մեր վարչական շրջաններից մեկն է ուզում տեսնել. ի՞նչն է գրավել նրան
Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթում «Ոսկե ծիրան» մրցանակ ստացավ Մարզիե Ռիահիի «Վարորդական դասեր» ֆիլմը, «Արծաթե ծիրանի» արժանացավ Ռատի Ցիտելաձեի «Հասարակության գերին»: Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակին արժանացավ Լիլիթ Պետրոսյանի «Բայինան»:
Տարածաշրջանային համայնապատկեր մրցույթում FIPRESCI մրցանակին արժանացավ Թինաթին Քաջրիշվիլի «Հորիզոնը»:
«Այս տարի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային փառատոնը վստահել էինք երիտասարդներին: Կարծում եմ` իրենք իրենց աշխատանքը լավ կատարեցին և հաջորդ տարի ավելի լավ են կատարելու:Բոլորս վախենում էինք, որ ծրագիրը թույլ կլինի և չենք կարող մեր հանդիսատեսին բավարարել, բայց այժմ վստահ կարող եմ ասել, որ մեր հանդիսատեսին լիովին բավարարել ենք: Տխրում եմ, որ շատերը մեզ օգնելու փոխարեն մի բան էլ խանգարում են»,- ասաց «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը:
Փառատոնի գործադիր տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանն էլ նշեց, որ ստանձնելով փառատոնի գործադիր տնօրենի պաշտոնը` հասկացել է, կան որոշակի բացեր, որոնք ապագայում պետք է շտկենք:
«Մի քիչ վախենում էինք ամառային դահլիճում բացօդյա ցուցադրություններից , որ դահլիճը դատարկ կմնա , բայց մեր երեք ցուցադրություններն էլ ապացուցեցին, որ հայ հասարակությունը սիրում է այս փառատոնը :Այս նոր փորձը մեր երիտասարդ թիմին շատ բան տվեց: Ընդհանուր առմամբ փառատոնն ուրախ ու հավեսով ստացվեց: Դժվար է ամեն տարի մշակութային միջոցառում իրականացնել, երբ ֆինանսական ոչ բոլոր աղբյուրներն են հաստատուն»,-ասաց նա:
Կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը նշեց, որ նման փառատոներում պետք է մեծ դեր ունենան լրատվամիջոցները, որոնք ոչ միայն կգովեն, այլ նաև հանդես կգան որպես քննադատ, որպեսզի նոր և երիտասարդ թիմը հասկանա իր բացերը և շտկի դրանք:
«16 տարիների ընթացքում «Ոսկե ծիրան» կինոփառատոնին հաջողվեց սովորեցնել կինոսերներին վճարել և հեղինակային ֆիլմեր դիտել»,– ասաց նա:
Հիշեցնենք`«Ոսկե ծիրան» կինոփառատոնը մեկնարկել էր հուլիսի 7–ին։
Հայ աղջիկների հետ շփվել է, ծիրանը` կերել. մեքսիկացի կինոռեժիսորին մնում է Սևանը տեսնել