«Էլիտար» բնակարաններ և օնլայն խաղատուն. հարկային բարեփոխումների նոր կետերը ՀՀ–ում

ՀՀ ազգային ժողովը հարկային «մանևրի» մասին օրինագիծ է ընդունել։ 2020 թվականից Հայաստանում կնվազի եկամտահարկն ու շահութահարկը և կավելանա «ավելորդությունների» հարկերը։ Հաջորդիվ նախատեսում են բարձրացնել անշարժ գույքի հարկը։
Sputnik

Արամ Գարեգինյան, Sputnik.

Հայաստանում հարկային բարեփոխումները շարունակվում են։ Հունիսի վերջին ԱԺ-ն փոփոխությունների խոշոր փաթեթ է ընդունել։ Համառոտ ներկայացնենք՝ ինչ են արդեն ընդունել ու փորձենք ներկայացնել՝ ինչ են ուզում քննարկել հաջորդ փուլում։

Ո՞ր հարկերը կնվազեն

Մասնավորապես 2020 թվականից կչեղարկվի հարկային սանդղակը ֆիզիկական անձանց եկամտի համար (23%, 28%, 36%` կախված աշխատավարձի չափից)։ Բոլորից 23% կգանձվի։ Երեք տարի անց հարկը կհասնի 20%–ի։ Իսկ շահութահարկը (բիզնեսի համար) 2023 թվականին կհասնի 18%–ի։

Ո՞ր հարկերը կբարձրանան

2020 թվականից կավելանա ակցիզը սիգարետի, օղու, նաև սեղմված գազի ու դիզելային վառելիքի համար (դրանք մինչև 2025 թվականը հետզհետե ավելանալու են)։ Բարձրացումն առաջարկել են ԵԱՏՄ երկրներում ակցիզների դրույքաչափերը մոտարկելու համար։

Հայաստանում ցանկանում են փոխել անշարժ գույքի արժեքը ապագա հարկերի համար

Կբարձրանան գրավատների ու տարադրամի փոխանակման կետերի, նաև բանկերի մասնաճյուղերի տուրքերը։

Վերջապես կբարձրանա խաղատների ու տոտալիզատորների հարկումը (ինչպես սովորական, այնպես էլ առցանց)։ Տոտալիզատորները ֆիքսված տուրքի փոխարեն 2020 թվականից կանցնեն շահութահարկի, իսկ խաղատները՝ 2021 թվականից։ Այնպես որ խաղատների հարկումը կախված է լինելու դրանց շահույթից։

Բայց ինչպե՞ս հսկել այդ շահույթը, եթե դրանք առցանց են աշխատում։ Այս մասին հարցրել ենք ՀՀ ֆինանսների նախարարության պետական եկամուտների քաղաքականության վարչություն պետ Օրի Ալավերդյանին։

«Աշխարհում արդեն առցանց խաղատների շրջանառությունը վերահսկելու փորձ կա։ Կարծում եմ՝ այդ փորձի հիման վրա մոտ ապագայում կառավարությունն այդ վերահսկողության կարգ կսահմանի», - նշեց Ալավերդյանը։

Ինչպես տեսնում ենք, եկամտահարկն ու շահութահարկը կնվազեն, իսկ «ավելորդության» հարկերը կավելանան։ Առայժմ հարկերի նվազեցումն ավելի շատ է, քան բարձրացումը, այսինքն՝ բարեփոխումը բացասաբար է ազդելու բյուջեի վրա։ Զուտ թվաբանորեն՝ այո, բայց հարկերի նվազեցումը կակտիվացնի բիզնեսը։ Որքան ավելի շատ աշխատի բիզնեսը, այնքան ավելի շատ հարկ կվճարի։ Պարզեցնելով ասենք՝ ավելի լավ է 18% հարկով մեկ միլիոն դոլար հավաքել, քան 20%-ով կես միլիոն։

Իսկ այժմ այն հարցերի մասին, որոնք բարեփոխումների փաթեթից դուրս են մնացել։ Դրանցից մեկը վերաբերում է մեր տներին ու բնակարաններին։

Հին ու նոր երևանցիներ

Դեռ իշխանափոխությունից առաջ կառավարությունը որոշել էր վերանայել գույքահարկը (որով հարկվում են անշարժ գույքն ու մեքենաները): Այժմ այդ հարկը համեմատաբար փոքր է։ Երևանյան տների կամ բնակարանների մեծ մասի համար այն կազմում է տարեկան 10, 20, ամենաշատը 30 հազար դրամ։

Հայաստանի խանութները գործարաններից եկամտաբեր են. Արամյանն առաջարկում է «հարկերով շտկել դա»

Ճիշտ է՝ 30 միլիոն դրամանոց տան համար հարկը 67 հազար դրամ կկազմի։ Բայց պետական կադաստրում մեր բնակարանների ու տների արժեքը գրեթե միշտ շուկայականից ցածր գնով է գրանցված։

Նոր իշխանության օրոք ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն ավարտել է գների վերայանումն ու այն մոտեցրել շուկայականին։ Հիմա մնացել է հաշվել՝ ինչպես այդ արդար գներից արդար հարկ հաշվարկել։

Կարծես թե ամեն ինչ պարզ է․ ով թանկ տանն է ապրում, թող ավելի շատ հարկ վճարի։ Բայց չի կարելի մոռանալ նաև հին երևանցիների մասին։ Նրանք կենտրոնում են ապրում, բայց պարտադիր չէ, որ հարուստ լինեն։

Ֆինանսների նախարարությունը որպես տարբերակ առաջարկում է հաշվարկել այդ բնակարանների հարկը, բայց չգանձել։ Հարկերը կպահանջեն վճարել միայն վաճառքի կամ բնակարանը ժառանգելու դեպքում։

«Ամեն դեպքում պետք է ուսումնասիրել իրավիճակն ու որևէ լուծում գտնել մեր քաղաքացիների այդ խմբի համար», - ավելացրեց Ալավերդյանը։

Պատմիր ամեն ինչ քո մասին

Կառավարությունում սկսում են քննարկել եկամուտների համընդհանուր հայտարարագրերի գաղափարը։ Հարկայինն ուզում է իմանալ` աշխատավարձից ինչ եկամուտ եք ստանում և ինչպես եք ստանում այդ աշխատավարձը` ծրարո՞վ, թե՞ օրինական։ Ալավերդյանը պարզաբանում է՝ կարևոր է հասկանալ՝ ինչի համար է հարկայինն ուզում իմանալ այդ ամենը։

«Այս դեպքում մեր նպատակն է ոչ միայն հարկ հավաքել, այլև հետևել, որ դրանք չափազանց մեծ չլինեն։ Այդ պատճառով առաջարկում ենք հաշվարկել ոչ միայն եկամուտները, այլև ծախսերը, որպեսզի այդ ծախսերից քաղաքացիների հարկերի հաշվանցման հնարավորություն տրվի», - ավելացրեց նա։

Ալավերդյանը նշեց, որ գործող օրենքով էլ է պետք հայտարարագրել բոլոր եկամուտները։ Պարզապես քչերն են դա անում։ Արդյունքում քաղաքացիների եկամուտների մի մասը ոչ մի տեղ չի երևում։ Բոլոր այդ եկամուտներից չէ, որ պետությունը հարկ է գանձելու։ Մի բան է «մի երկու կոպեկ» ավել գումար տուն տանել «կողքից» արած գործի համար, լրիվ այլ բան է չորս բնակարան վարձով տալ կամ արտասահմանում բաժնետոմսեր գնել։

Ե՞րբ այս ամենն իրականություն կդառնա

Անշարժ գույքի նոր հարկերի մասին օրինագիծն ուզում են աշնանը ներկայացնել։ Իսկ համընդհանուր հայտարարագրերի գաղափարը դեռ նոր-նոր է ձևավորվում։ Արդյոք դրան կհամաձայնեն, թե ոչ, դեռ անհայտ է։