Երևանում կառուցվող նոր էլեկտրակայանը 1000 ժամանակավոր աշխատողի կարիք ունի. փոխնախարար

Երևան ՋԷԿ-ի հարևանությամբ մեկնարկել է նոր էլեկտրակայանի կառուցման շինարարական փուլը։ Էլեկտրակայանը պատրաստ կլինի երկու տարի անց, իսկ մինչ այդ մոտ 1000 մարդ պիտի աշխատի շինարարությունում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. 1000 ժամանակավոր աշխատատեղ` նվազագույնը 600 դոլար աշխատավարձով. Երևանում կառուցվող նոր էլեկտրակայանի աշխատանքների համար այս տարի այսքան աշխատատեղ է նախատեսվում ունենալ։ Այս մասին այսօր հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը Երևան ՋԷԿ-ի հարևանությամբ կառուցվող նոր էլեկտրակայանի կառուցման շինարարական փուլի մեկնարկի հանդիսավոր արարողության ժամանակ։

Գազային «դավադրություն» և իրական պատճառներ. ինչո՞ւ էր Հայաստանում «թռչկոտում» լույսը

«Սա պետական և մասնավորի գործարք է, որը հնարավորություն կտա հետագայում մեղմել սակագնային ճնշումները։ Կայանն ի զորու է լինելու տարեկան արտադրել 1.8-2 մլրդ կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա, և դրա օգտակար գործողության գործակիցը 53 տոկոս է լինելու։ Այս տարի 1000–ից շատ է լինելու անհրաժեշտ աշխատողների թիվը` ինժեներներ, էլեկտրիկներ, եռակցողներ, իսկ հիմնական աշխատողների թիվը կհասնի 200-250–ի»,–ասաց փոխնախարարը։

Ի դեպ, նոր էլեկտրակայանի կառուցման աշխատանքները մեկնարկել են հունիսի 14–ին և նախատեսվում է, որ դրանք ավարտին կհասցվեն 25 ամիս հետո։ Ծրագրի իրականացման համար կներդրվի 250-300 մլն դոլար։

250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցման շինարարական փուլի մեկնարկի հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ԱԱԾ–ն կքննի էլեկտրաէներգետիկ համակարգում տեղի ունեցած կոլապսը