Ոստիկանությունը խուզարկություններ է կատարել Նորատուսցի Ալիկի և Օշականցի Գևորիկի տներում

Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության ծառայողները զենքեր են հայտնաբերել հանցագործ աշխարհի ներկայացուցիչների տներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության ծառայողները խուզարկություն են կատարել հանցագործ աշխարհում հայտնի Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ՝ 38-ամյա Ալիկ Բանդուրյանին պատկանող Երևան քաղաքի Շահումյան փողոցում գտնվող տանը, որի ընթացքում հայտնաբերվել է օդաճնշիչ հրացան, «Վալտեր» տիպի 12 մմ տրամաչափի որսորդական հրացան։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Չես բռնվել` գող ես, բռնվել ես` էլի գող ես. հայ «օրենքով գողերի» շուրջ վերջին զարգացումները

Բանդուրյանը ոստիկաններին հայտնել է, որ նշված զենքերը պատկանում են իր հորը՝ Լյովա Բանդուրյանին։

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության ծառայողները խուզարկություն են կատարել նաև հանցագործ աշխարհում օրենքով գող համարվող Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ՝ 49-ամյա Գևորգ Մելիքյանի (ով ավելի շատ հայտնի է Օշականցի Գևորիկ մականվամբ) տանը։ Ոստիկաններն այնտեղ հայտնաբերել են որսորդական հրացան։ Գ. Մելիքյանը ոստիկաններին հայտնել է, որ հայտնաբերված հրացանը պատկանում է իր կնոջը՝ Լ. Զ.-ին։

Նշված զենքերն առգրավվել են, նշանակվել է փորձաքննություն։

Ինչպես են Երևանում սպանել «օրենքով գող» Մասիվցի Անդիկին. սպանության կադրերը