ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Վայոց Ձորի Արփի գյուղում արջը մտել է տների բակեր և վնասել հավերին։
Հուլիսի 12-ին, ժամը 09:55-ին «911» ծառայությունը տեղեկություն է ստացել, որ հուլիսի 11-ին ժամը 04:30-ի սահմաններում Արփի գյուղի 2-րդ փողոցի թիվ 6/2 տան (սեփականատեր՝ Ա.Խ.) բակում արջը վնասել է 10 հավ, իսկ 1-ին փողոցի 1-ին փակուղու թիվ 2/1 տան (սեփականատեր՝ Մ.Գ.) բակում՝ 6 հավ:
Ավելի վաղ տեղեկություն է եղել, որ ժամը 00:15-ի սահմանում նույն գյուղի 1-ին փողոցի 2-րդ փակուղու թիվ 2/2 տան (սեփականատեր՝ Պ.Ս.) բակում արջը վնասել է 5 հավ։
Ստացված տեղեկությունները փոխանցվել են մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին, ոստիկանության մարզային վարչության օպերատիվ հերթապահի օգնականին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում Գյուղատնտեսության և Շրջակա միջավայրի նախարարությունների ներկայացուցիչներին: