ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. «Օրենքով գող» Մասիվցի Անդիկի` Անդրանիկ Հարությունյանի սպանության գործի շրջանակներում ՀՀ ոստիկանություն են բերման ենթարկվել մի շարք քրեական հեղինակություններ։ Այս մասին տեղեկանում ենք «Ժողովուրդ» օրաթերթից։
«Ոստիկանությունում քրեական հեղինակություններից հետաքրքրվել են` ինչ վարկած ունեն, ինչին ի պատասխան շատերը հայտնել են, թե չգիտեն՝ ինչը կարող է պատճառ դառնալ, որ Անդիկին սպանեին և գուցե կատարվածը 10-15 տարի առաջվա վրեժխնդրության, հիշաչարության դրսևորո՞ւմ է»,–գրում է թերթը։
Ըստ պարբերականի` քրեական տարրերից մի քանիսն էլ հետաքրքրվել են՝ արդյո՞ք սպանությունն արդեն բացահայտված է, բայց իրավապահները լռում են, որպեսզի «օրենքով գողերը» հաշվեհարդար չտեսնեն մարդասպանի կամ պատվիրատուի հետ:
Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի գիշերը ոստիկանությունն ահազանգ էր ստացել, որ Նոր Նորքի հիվանդանոց է տեղափոխվել 46-ամյա Անդրանիկ Հարությունյանի դին:
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբերը հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել էին, որ տղամարդը հիվանդանոց էր տեղափոխվել Նոր Նորքի 5-րդ զանգվածից։ Ոստիկանության փորձաքրեագետների և քննչական կոմիտեի ծառայողների կողմից դեպքի վայրը մանրակրկիտ զննվել էր։ Մասիվցի Անդիկի` Անդրանիկ Հարությունյանի սպանության վայրում հայտնաբերվել էին պարկուճներ, 1 փամփուշտ, արնանման հետքեր։
Մասիվցի Անդիկի սպանության վայրում հայտնաբերվել են պարկուճներ և փամփուշտ. մանրամասներ