ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Գեղարքունիքում անկած կենդանիների մոտ ինֆեկցիոն հիվանդության հարուցիչներ չեն հայտնաբերվել: Այս մասին հայտարարություն է տարածել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:
«Օրեր առաջ կենդանիների անկման դեպքեր էին գրանցվել Գեղարքունիքի մարզի մի քանի համայնքներում: Դեպքին անմիջապես արձագանքել էր ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հայտնելով, որ գրանցված դեպքերը Տեսչական մարմնի վերահսկողության տակ են եւ մասնագետներն արդեն լաբորատոր փորձաքննության համար նմուշներ են վերցրել»,–նշված է հաղորդագրության մեջ:
Լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ Գեղարքունիքի մարզի Ծովինար, Կարճաղբյուր և Արտանիշ համայնքներում անկած անասունների մանրէաբանական ու մակաբուծական հետազոտության ներկայացված նմուշներում ինֆեկցիոն և ինվազիոն հիվանդության հարուցիչներ չեն հայտնաբերվել:
Սարսափելի պայմաններ. ՍԱՊԾ ղեկավարը կասեցրել է Գյումրու մսամթերքի կետերի աշխատանքը
Ըստ հերձման արդյունքների` ներքին օրգաններում ախտաբանական փոփոխություններ չեն հայտնաբերվել։ Կլինիկական, համաճարակաբանական հետազոտությունների արդյունքները թույլ են տալիս պնդել, որ կենդանիների մոտ եղել է փքվածություն։
Հիշեցնենք, որ հուլիսի 5–ին տեղեկություն ստացվեց, որ Սևանի ափին կովերի անկման դեպք էր գրանցվել` սատկել է 4 գլուխ կով։