Դիվերսիոն փո՞րձ էր. 10 օրվա ընթացքում պարզ կլինի հոսանքազրկման պատճառը. ԱԱԾ տնօրեն

ԱԱԾ–ն ստուգում է` հոսանքազրկումը եղել է միտումնավոր միջամտության արդյունքո՞ւմ, թե՞ տեխնիկական պատճառներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշեց, որ 10 օրվա ընթացքում նախնական եզրակացություն կլինի այն մասին, թե ինչի հետևանք էր հուլիսի 10–ին հանրապետությունում էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումը։ Այս մասին Վանեցյանը նշեց լրագրողներ հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հոսանքազրկումները կարող են դիվերսիոն փորձ լինել։

«Սև չորեքշաբթի» Հայաստանում. փչացած տեխնիկայի համար մարդիկ կարող են փոխհատուցում ստանալ

«Եղել է էներգետիկ համակարգի խոշոր խափանում և իրականացվում են ստուգողական աշխատանքներ, որպեսզի պարզենք` դա եղել է միտումնավոր միջամտության արդյունքո՞ւմ, թե՞ տեխնիկական պատճառներով։ Այդ բոլոր վարկածները կստուգվեն, կնշանակվեն փորձաքննություն։ Նյութերի նախապատրաստման ժամկետը 10 օր է. այդ ընթացքում նախնական եզրակացություն կտրվի»,–ասաց նա։

Հիշեցնենք` հուլիսի 10–ին, ժամը 13։00–ից Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են գրանցվել։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Facebook-ում հայտնել է, որ հոսանքի համատարած անջատումները պայմանավորված են Երևան ՋԷԿ–ում ու Հրազդան ՋԷԿ–ում տեղի ունեցած վթարներով։

Գազային «դավադրություն» և իրական պատճառներ. ինչո՞ւ էր Հայաստանում «թռչկոտում» լույսը

Ավելի ուշ հրատապ ասուլիսով հանդես եկավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը և հայտնեց, որ վթարի պատճառը վերջնականապես դեռ պարզված չէ։ Նախնական վարկածով` հաճախականության հզոր տատանում է տեղի ունեցել Իրանի էներգահամակարգում, որը զուգահեռ կապված է հայաստանյան համակարգի հետ, ինչի պատճառով էլ տատանումներ է առաջացրել նաև Հայաստանի տարածքում։