Թուրք կինոռեժիսորը մեր վարչական շրջաններից մեկն է ուզում տեսնել. ի՞նչն է գրավել նրան

Բելքըս Բայրաքը խորհուրդ է տալիս զբոսաշրջիկներին Կասկադ ու Փարաջանովի տուն–թանգարան այցելել, որպեսզի Երևանի մասին պատկերացումներն ամբողջանան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Ազգությամբ թուրք, մասնագիտությամբ՝ ռեժիսոր Բելքըս Բայրաքը, որն իր առաջին քայլերն է անում կինոոլորտում, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում Սերգեյ Փարաջանովի տուն–թանգարան է այցելել ու ազդվել փարաջանովյան միջավայրից։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Բայրաքը, որը «Գյուլիզար» ֆիլմի նախագծով Հայաստանում է` մասնակցելու «Ոսկե ծիրան»-ի ծրագրերից մեկին` C2C տարածաշրջանային շուկային։

16-ամյա «Ոսկե ծիրանն» ու նոր տարբերանշանը. տոնական ֆոտոշարք

«Փարաջանովի տուն–թանգարանում փարաջանովյան մթնոլորտ էր։ Ես շատ բան չգիտեմ նրա մասին, սակայն այն, ինչ տեսա և լսեցի թանգարանում, արդեն իսկ շարժեց հետաքրքրությունս, որպեսզի փորձեմ ավելին իմանալ։ Եթե նորից Հայաստան գայի ու ժամանակ լիներ, կուզեի հենց Փարաջանովի տուն–թանգարան գնալ ու ավելի շատ ժամանակ անցկացնել այնտեղ, մանրամասն ծանոթանալ այդ միջավայրին»,–ասաց նա։

Կինոռեժիսորը նշեց նաև, որ Հայաստան ժամանած օտարերկրացիներին խորհուրդ կտար Կասկադ ու Փարաջանովի տուն–թանգարան այցելել, որպեսզի Երևանի մասին պատկերացումներն ամբողջանան։

Արգելված կադրերը հասանելի են. Երևանում ցուցադրվեց Փարաջանովի «Նռան գույնի» մոնտաժված մասը

Բայրաքն, ի դեպ, ծնունդով Մալաթիայից է և բավական զարմացել էր` իմանալով, որ Հայաստանում նման անվամբ վարչական շրջան կա։

«Մալաթիան ծիրանի տեսակ է, որը փոքր, գաճաճ ծառերի վրա է աճում։ Ես շատ եմ սիրում այդ ծիրանը, քանի որ համը լավն է` ոչ այն ծիրանների պես, որոնք վաճառվում են թուրքական շուկայում։ Մյուս տեսակի ծիրաններից ես երբեք չեմ ուտում։ Իմիջիայլոց, ձեր ծիրանը նույնպես շատ հավանեցի, քանի որ համը նույնն է, ինչ մալաթիա տեսակի ծիրանինը»,–ասաց նա։

Հայկական և Մալաթիայի ծիրանների համի նմանության մասին Բայրաքին պատմել է նաև նրա՝ ազգությամբ հայ ընկերուհին, ում հետ աշխատում են Մալաթիայի միջազգային կինոփառատոնում։

Թուրք կինոռեժիսորը նշում է, որ կուզեր այցելել Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջան` հասկանալու, թե ինչ նմանություններ կան հայրական Մալաթիայի հետ։

Բայրաքը, խոսելով թուրքական կինոյի ոլորտում տենդենցների մասին, նշեց, որ  Թուրքիայում շատ են ինչպես սարսափ, այնպես էլ կատակերգական ժանրի ֆիլմերը։ Սակայն, ըստ նրա, մարդիկ կամաց–կամաց սկսել են հոգնել այդ ամենից ու ուզում են իրական մի բան տեսնել` ֆիքշըն, դրամա, վավերագրական։

«Երբ ֆիլմդ կյանքի է կոչվում, այն արդեն քոնը չէ, դրա համար էլ պետք է երկար աշխատել ու լավ աշխատել դրա վրա։ Ես, օրինակ, երազում եմ, որ իմ` ֆիլմերի հետ կապված մտքերը կյանքի կոչվեն, որպեսզի մարդկանց պատմեմ այն, ինչ կուզեի նրանք իմանան։ Կուզեի` մարդիկ երբեք չդադարեն երազել, քանի որ այն մոտիվացիա է տալիս, ուժեղ լինել սովորեցնում»,–ասում է Բայրաքն ու հավելում, որ իր երկու երեխաներին նույնպես երազանք պահելու ու այն իրականացնելու «գաղտնիքներն» է փոխանցում։

Անդրադառնալով «Ոսկե ծիրան»-ին` Բայրաքը նշեց, որ իր ընկերներից վաղուց էր լսել կինոփառատոնի մասին, ու երազում էր մի օր ինքն էլ դրա մասնակիցը դառնալ։ Երազանքը, փաստորեն, կյանքի է կոչվեց։

«Ոսկե արմավենու ճյուղը»` «Ոսկե ծիրանում». 16-րդ անգամ Երևանում մեկնարկեց կինոփառատոնը

C2C–ն տարածաշրջանային համատեղ կինոարտադրության հարթակ է: Այն Փոքր Կովկասի, այդ թվում` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի և Թուրքիայի կինոռեժիսորների համար նախատեսված միջազգային կինոշուկա է, որը հնարավորություն է տալիս զարգացնել ռեժիսորի առաջին կամ երկրորդ լիամետրաժ ֆիլմի նախագիծը, ներկայացնել այն կինոարտադրության հավատարմագրված միջազգային մասնագետներին` խթանելով համագործակցության տեղական և միջազգային կինոարտադրողների միջև: C2C-ն կազմված է երեք հիմնական բաղադրիչից` լիամետրաժ կինոնախագծերի շուկա, աշխատանքային փուլում գտնվող ֆիլմերի շուկա և C2C կինոցուցադրություն:

Արամ Խաչատրյանը, Ֆրանցիսկոս Պապն ու «Երազողները» կհամախմբվեն «Ոսկե ծիրանում»

Այս տարի հայտերի ընդունման երկու ամիսների ընթացքում հարթակը ստացել է 40 կինոնախագիծ և 21 աշխատանքային փուլում գտնվող ֆիլմեր, որոնցից ընտրվել են 21-ը:

Հիշեցնենք՝ որ այս տարի «Ոսկե ծիրան»  կինոփառատոնը մեկնարկել էր հուլիսի 7–ին, իսկ կինոփառատոնի հաղթողների անունները հայտնի կդառնա հուլիսի 14–ին։