ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու նախկին մսի կոմբինատի տարածքում թափված ոսկորները կարող են վտանգավոր լինել ոչ միայն բնության, այլև մարդկանց առողջության համար: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խոյեցյանը:
«Միկրոօրգանիզմները հողի մեջ սկսում են քայքայվել: Իսկ հողից դուրս սկսում են նեխել և փտել ու կարող են բակտերիաների միջոցով տարբեր հիվանդությունների տարածման պատճառ դառնալ: Նույնիսկ տասնամյակներ անց կենդանիների մնացորդները շարունակում են իրենց մեջ վտանգավոր նյութեր պարունակել: Դա անթույլատրելի երևույթ է ու փնթի վիճակ»,- ասաց դոկտոր-պրոֆեսորը` ավելացնելով, որ ցանկացած մահացած օրգանիզմ անցնում է փտման, հանքայնացման որոշակի փուլ և, եթե չի թաղվում հողի տակ, վնասակար է:
Երևանը անապատ կդառնա՞, թե՞ քաղաքապետարանը կպայքարի օլիգարխների կառուցած «չինական պատի» դեմ
Այս թաքնված «թանգարանի» մասին շատերը չգիտեն: Նախկին մսի կոմբինատի բակում է՝ կիսաքանդ մասնաշենքի դիմաց: Տարածքը արգելափակված չէ ու ելումուտի համար ազատ է: Մեկ հեկտար տարածք զբաղեցնող գերեզմանոցում օրգանական նյութերը քայքայվում են բաց երկնքի տակ:
Խոյեցյանը մտահոգ է. տարածքը վտանգավոր է հատկապես երեխաների համար, քանի որ նրանք ազատ ելումուտ կարող են անել և խաղալ փտող ոսկորների հարևանությամբ:
«Հարցը պետք է արագ լուծվի, դա նույնն է, ինչ բաց գերեզմանոցը, ինչ տարբերություն անասո՞ւնի ոսկորներ են այնտեղ, թե մարդու»,- ասաց Խոյեցյանը:
ՀՀ–ն մաքրում է «գերեզմանոցը». միջուկային թափոնները Վրաստանով տեղափոխելը վտանգավո՞ր է
Ժամանակին տարածքում ոսկորների վերամշակման կետ է եղել: Մշակված հումքից դեկորատիվ իրեր են պատրաստել, սակայն 1988 թվականի երկրաշարժից հետո վերամշակման կետը դադարել է գործել, իսկ ոսկորները մնացել են տարածքում սփռված: Լուծարումից հետո կոմբինատը մի քանի սեփականատեր է ունեցել, բայց խնդրին որևէ մեկը ուշադրություն չի դարձրել: