Տղամարդը կոչ է արել այրել ու կախել Նաիրա Զոհրաբյանին. նա էլ պատասխանել է

Ազգային ժողովի պատգամավորը վստահեցրել է, որ ինքը չի այրվում, և թեթև լիկբեզ է մատուցել «ազատատենչին»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն արձագանքել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառմանը, որում նրան այրելու և մորթելու կոչեր են եղել:

«Երեկ ֆեյսբուքյան օգտատեր «Ashot Gevorgyan»-ը առաջարկել է ինձ «այրել», «մորթել» և «վտարել երկրից»։ Բայց, թե ինչո՞ւ՝ ինձ այրելու իր անսահման մղումը վերջինս չի բացատրել։ Ասեմ, որ այրելու և մորթելու կոչ անող սույն պերսոնաժը առանձնապես օրիգինալ չէ։ Ինձ այրելու և կախելու կոչեր տարբեր ժամանակներում, տարբեր պերսոնաժների կողմից շատ են հնչել» - գրել է Զոհրաբյանը:

Պատգամավորը խորհուրդ է տվել ֆեյսբուքյան օգտատիրոջը ավելորդ էներգիա և էմոցիա չծախսել, քանի որ ինքը կրակում չի այրվում:

Նաիրա Զոհրաբյանը` ձիու վրա. պատգամավորը շարունակում է զարմացնել հետևորդներին

«Եվ որպես հետգրություն. կարծում եմ, որ նման հայտարարություններով պիտի զբաղվի մեր ոստիկանությունը, որն արդեն ժողովրդինն է։ Ես մնում եմ իմ վստահ համոզմանը, որ Հայաստանում բոլորի իրավունքները պետք է պաշտպանված լինեն, սակայն չի կարող լինել և չպետք է լինի սոցիալական որևէ խավ, որն իր իրավունքները գերադասի այլոց իրավունքներից։ Որովհետև «Իմ ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է ուրիշի ազատությունը»»,– նշել է Զոհրաբյանը:

Գրության վերջում էլ պատգամավորը օգտատիրոջը խորհուրդ է տվել այրելու և մորթելու կոչեր անելուց զատ, բարելավել հայերենի իմացությունը և տեղյակ լինել, որ «մորթել» բառը չի գրվում «ռ»-ով, «ներեղություն» բառ էլ հայերենում չկա։

Հիշեցնենք` հունիսի 26-ին Զոհրաբյանը Facebook-ում գրել էր, որ լատինատառ հայհոյանքներով նամակ է ստացել մի կնոջից։ Նա բոլոր կատաղածներին խորհուրդ էր տվել ավելորդ ադրենալին չծախսել լատինատառ հայհոյանք գրելու վրա, որովհետև ինքն անգամ հայատառը չի կարդում։

Կին քաղաքական գործիչը պետք է խնամված լինի. Նաիրա Զոհրաբյանը ընտանիքի և ամուսնու մասին