Սևանի հետ կապված վերջին տարիներին մոտ 50 քրեական գործ է հարուցվել. նախարար

Քրեական գործեր կան հարուցված Սևանում կատարված մաքրման աշխատանքների, Արփա–Սևան թունելի շինարարության գործընթացում հայտնաբերված խախտումների և այլ հարցերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի խոսքով` վերջին տարիներին «Սևան ազգային պարկում» մոտ 50 քրեական գործ է հարուցվել` Սևանում կատարված տարբեր գործողությունների հետ կապված։ Այս մասին Գրիգորյանը հայտնեց կառավարությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Սևանի մակարդակը բարձրացել է, կանաչելը` նվազել. Էրիկ Գրիգորյան

«Օրինակ` Սևանում կատարված մաքրման աշխատանքների հետ կապված քննչական գործողություններ են տարվում, իսկ Արփա–Սևան թունելի շինարարության գործընթացում հայտնաբերված խախտումների առնչությամբ կա հարուցված քրեական գործ։ Բացի այդ, ջրօգտագործողների միությունների կողմից ավել ջրապահանջարկի ու կեղծ փաստաթղթերի վերաբերյալ էլ քրգործ կա հարուցված։ Այսինքն` իրավապահ մարմինների տիրույթում են մի շարք գործեր»,–ասաց նա։

Անդրադառնալով Սևանում սիգի ապօրինի որսի թեմային` նախարարը նշեց, որ սիգի որսի հետ կապված գրություններով իրենք ՊԵԿ–ին են դիմել, որպեսզի վաճառքի ծավալների մասին ինֆորմացիա ստանան։ Գրիգորյանի խոսքով` բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից առաջարկ են ստացել, որ որսի արգելմանը զուգահեռ` շուկայում սիգի վաճառքն էլ արգելվի։ «Սիգի որսի և վաճառքի մասով շրջանառու հարկ վճարող տնտեսվարողները սողանցքներ ունեն, և դրանք պետք է փակվեն»,–ասաց նա։

Սևանը վերականգնելն անիրական չէ. 4 քայլ, որը կփրկի լիճը

Հիշեցնենք, որ Գրիգորյանն այսօր հայտնել էր նաև, որ Սևանի ջրի մակարդակն անցած տարվա հուլիսի 11–ի համեմատ` 1 սանտիմետրով բարձրացել է, իսկ կանաչումը նվազել է։ Սևանը բավական նկատելի ծաղկել էր նաև 2018թ.–ի ամռանը։ Սակայն ի տարբերություն այս տարվա, անցյալ տարի այդ գործընթացը սկսվել էր հուլիսի երկրորդ կեսին։