Խաչիկ Չախոյան, Sputnik Արմենիա
Հայկական ֆուտբոլում կարելի է ասել, որ յուրօրինակ «բեյբի-բում» է՝ ստեղծվող ակումբների առատության իմաստով: Արդեն պարզ է, որ մեր երկրի ֆուտբոլի առաջնության Առաջին խմբում հանդես եկող թիմերի թիվը հասել է 18-ի: Աննախադեպ այս երևույթը արդյոք կօգնի՞ զարգացնել հայկական ֆուտբոլը: Sputnik Արմենիան առաջարկում է փոքր-ինչ մոտիկից ծանոթանալ նորաստեղծ ակումբներից հինգին:
«Վեստ Արմենիա»
Թիմի սեփականատերը Գևորգ Մարտիրոսյանն ու նրա գործընկերներն են Բուլղարիայից և Ռուսաստանից: Նույն մարդիկ էլ հովանավորում են ակումբը:
Թիմը խաղալու է Ձորաղբյուրի մարզաբազայի մարզադաշտում:
Գլխավոր առաջադրանքն է ստեղծել մրցունակ թիմը, որը 2-3 տարվա ընթացքում պետք է կայանա ու փորձի խաղալ նաև Բարձրագույն խմբում:
Թիմում, այսպես ասենք, արդեն «քասթինգ» են անցել 950 ֆուտբոլիստ, նրանցից ընտրվել է 29 խաղացող, որոնցից 22-ը այժմ փորձաշրջան են անցնում:
«Վեստ Արմենիայի» գլխավոր մարզիչը Արմեն Շահգելդյանն է:
«Անի»
Սեփականատերն ու հովանավորը Խորեն Հովհաննիսյանն է, բայց չի բացառվում, որ կլինեն նաև նոր հովանավորներ:
Թիմը խաղալու է «Փյունիկ» ՖԱ մարզադաշտում:
Առայժմ հեռուն գնացող նպատակներ չունեն, ընթանում է ֆուտբոլիստների հավաքագրումը: Ընդ որում, թիմում խաղալու համար հիմնականում դիտարկվում են պատանի և երիտասարդ հայ ֆուտբոլիստների թեկնածություններ:
ՀՖՖ–ն անխախտ է իր որոշման մեջ և չի աջակցում համակցված լիգայի ստեղծման գաղափարին
Առաջիկա 2-3 տարիների ընթացքում հիմնական նպատակը ակումբի ու թիմի կայացումն է համարվում: Առայժմ թիմը չունի գլխավոր մարզիչ:
«Վան»
Ակումբի սեփականատերն ու հովանավորը Ռուսաստանից է` ձեռնարկատեր Օլեգ Ղուկասովը: Թիմը պատրաստվում է սեփական հարկի տակ հանդիպումներն անցկացնել Չարենցավանի մարզադաշտում, որտեղ արդեն բավականին ներդրումներ են կատարվել:
Առաջիկա 2-3 տարիների ընթացքում խնդիր է դրված նախ լավ հանդես գալ ու հաղթել Առաջին խմբում, ապա արդեն արդյունքի հասնել առաջնության Բարձրագույն խմբի մրցաշարում:
«Վանի» գլխավոր մարզիչը Կարեն Բարսեղյանն է: Թիմի կազմում փորձարկվում են տեղացի և արտասահմանցի ֆուտբոլիստներ:
«Տորպեդո»
Ակումբից չցանկացան նշել սեփականատիրոջն ու հովանավորներին:
Թիմը սեփական հարկի տակ հանդիպումներն անցկացնելու է Աբովյանի քաղաքային մարզադաշտում:
«Տորպեդոյի» գլխավոր մարզիչը Սամվել Դարբինյանն է: Առաջիկա պլանների մեջ է թիմի կայունացումն ու հաղթանակը Առաջին խմբում: «Տորպեդոն» նաև նպատակ ունի լավ հանդես գալ ՀՀ գավաթի խաղարկությունում:
Գաել Անդոնյանը գտնվել է, Ալեքսանդր Կարապետյանն էլ Սոչիում է, բայց ոչ հանգստանալու
Թիմի կազմում մարզվում են երիտասարդ հայ ֆուտբոլիստներ, կան նաև լեգիոներներ:
«Մակարավանք»
Ակումբի սեփականատերն Արսեն Հովհաննիսյանն է, համենայնդեպս, ակումբը նրա անունով է գրանցված: Հովանավորի մասին առայժմ ինֆորմացիա չկա: «Մակարավանքը» հանդես է գալու «Բանանց» ՖԱ մարզադաշտերից մեկում:
Իջևանցի կինը, Փաշինյանն ու Արցախը. ի՞նչ կուզեր անել ռուս ֆուտբոլիստը Հայաստանում
Թիմը համալրվելու է երիտասարդ ֆուտբոլիստներով, բայց նպատակ է դրված հաղթել Առաջին խմբում: Չնայած ակումբում հասկանում են, որ այդ արդյունքին հասնելը շատ դժվար է լինելու: Առայժմ թիմը չունի գլխավոր մարզիչ: Սակայն սպասվում է, որ մոտ օրերս «Մակարավանքի» գլխավոր մարզիչ կնշանակվի: