ԵՐԵՎԱՆ, 11 hուլիսի — Sputnik. «Ժողովուրդ» թերթն անդրադարձել է առաջիկայում ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեին, որը փոխարինելու է Հատուկ քննչական ծառայությանը և լինելու է միասնական նախաքննական մարմին:
«Ի սկզբանե իշխանությունները միտված են եղել այս կառույցին միավորել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը փոխարինելու է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, սակայն քննարկումների արդյունքում եզրակացության են եկել, որ այդ կառույցներն ունեն տարբեր գործառույթներ, և չպետք է խառնել դրանք»,–գրում է թերթը:
Ըստ հրապարակման`նոր ստեղծվելիք մարմնի ղեկավարի հարցում իշխանությունները, կարծես թե, վերջնականապես կողմնորոշվել են: Ինչպես հայտնի է, ի սկզբանե ասվում էր, թե Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը չի լինի կոմիտեի ղեկավար, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ քննարկումների արդյունքում ընտրությունը կանգ է առել հենց նրա վրա: