ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Մերձմոսկովյան շրջանի Միտիշչի քաղաքի ջերմաէլեկտրակայանի տարածքում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով կա մեկ զոհ և 13 վիրավոր։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, զոհվել է կին հսկիչը, նրան չի հաջողվել դուրս պրծնել կրակի ճիրաններից:
Հրդեհից տուժածներից 12-ին տեղում բուժօգնություն է ցուցաբերվել, մեկը ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք այսօր` հուլիսի 11–ին, ՌԴ Մերձմոսկովյան Միտիշչի քաղաքի ջերմաէլեկտրակայանի տարածքում խոշոր հրդեհ էր բռնկվել։
Նախնական տվյալով` այն բռնկվել է նավթով լի ցիստեռնից: Հաղորդվում է, որ սարքավորումները չեն տուժել: Բնակչությանն էներգիայով ապահովելու նպատակով «ՄոսԷներգո» ընկերությունը պահեստային հավելյալ էլեկտրածին սարքեր է գործի դրել և մեծացրել արդեն աշխատող կայանների հզորությունը: