Կառավարությունն ընդունեց Չինաստանի հետ մուտքի վիզայի ազատականացման նախագիծը

Հայաստանն ու Չինասյանը փոխադարձ շահագրգռվածություն են հայտնել երկու երկրների միջև առկա կապերն ավելի խորացնելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ ընդունեց «ՀՀ կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը:

ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը նշեց, որ Չինաստանի հետ ՀՀ միջպետական հարաբերությունները վերջին տարիների ընթացքում կայուն վերընթաց են ունեցել, զարգացման դինամիկա է գրանցվել ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում։

«Հայաստանն ու Չինաստանը փոխադարձ շահագրգռվածություն են հայտնել երկու երկրների միջև առկա կապերն ավելի խորացնելու, և վիզաների ազատականացման հարցը մեծ դեր կունենա այս հարցում»,–ասաց նա։

ՀՀ քաղաքացիները Չինաստան կմեկնեն առանց վիզայի. համաձայնագիրը ստորագրվեց

Փոխնախարարի խոսքով` Չինաստանն արդեն իսկ սկսել է վիզաների ազատականացման գործընթացը:  Երկու երկրների միջև վիզաների ազատականացման ամբողջ գործընթացը մեկ ամսից կավարտվի, իսկ ուժի մեջ կմտնի կողմերին այդ մասին տեղեկացնելու օրվանից:

Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ–ի և Չինաստանի միջև ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր: Դրանք վավերացրել էին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և ՉԺՀ Պետական խորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Ին։ Ստորագրված փաստաթղթերից մեկն էլ հենց վիզաների ազատականացման հարցին էր վերաբերում։

Չինական ընկերությունն ուզում է Հայաստանում կենցաղային տեխնիկա հավաքելու գործարան բացել