Հայաստան ժամանած զբոսաշրջիկներն այս տարի ավելի շատ գումար են ծախսել

Կառավարության նիստում ներկայացվել է զբոսաշրջային ոլորտին վերաբերող հետաքրքիր վիճակագրությունն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Հայաստան ժամանած տուրիստներն այս տարի 120 մլն դոլար ավելի են ծախսել, քան նախորդ տարի։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ ցուցանիշն արձանագրել է ՀՀ ԿԲ–ն` արտասահմանյան բանկային քարտերով ՀՀ տարածքում արված վճարումների հաշվարկով։

Զբոսաշրջիկները պետք է իմանան սա. Վրաստանում փոթորկի պատճառով արգելված է ծով մտնել

«Իրավակարգը ևս շատ կարևոր է, որպեսզի երկրում զբոսաշրջիկներն իրենց լավ զգան»,– ասաց վարչապետը` դիմելով ոստիկանության ու ազգային անվտանգության ղեկավարներին։

«ՀՀ–ում, ինչպես քաղաքացիներն, այնպես էլ զբոսաշրջիկները պետք է անվտանգ զգան իրենց, և սա շատ կարևոր պայման է զբոսաշրջության զարգացման համար»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետի ներկայացրած տվյալներին որոշ թվեր ավելացրեց նաև ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։

Հայաստանի հարավի զբոսաշրջային գանձերը. հատուկ հետաքրքրասերների համար

«Մենք 2013թ.–ին ուսումնասիրություն ենք արել, որից երևում է, որ ամեն զբոսաշրջիկ Հայաստանում ծախսել է 730 դոլար, այսօրվա տարբեր մեթոդներով հաշվարկները ցույց են տալիս, որ 880 են ծախսում, իհարկե հաշվի առնելով տարբեր գործոններ»,– ասաց Ջավադյանը։

Նրա խոսքով` արտասահմանյան բանկային քարտերով այս տարի` նախորդ տարվա համեմատ, զբոսաշրջիկներն 80 տոկոսով ավելի շատ վճարումներ են կատարել սննդի կետերում, 32 տոկոսով ավելի շատ` հյուրանոցներում, 36 տոկոսով ավելի շատ` զբոսաշրջային գործակալություններում, 74 տոկոսով ավելի` սուպերմարկետներում։