Ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը. ՊՆ–ն հերքում է կրակոցների մասին լուրերը

Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, թե իբր հայկական կողմի կրակոցների հետևանքով գյուղատնտեսական տեխնիկա է վնասվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունն ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակոցներ են արձակել Ադրբեջանի Ալիբեյլի բնակավայրի ուղղությամբ, ապատեղեկատվություն է որակում։ Այս մասին տեղեկանում ենք ՊՆ–ի պաշտոնական էջից։

Մշտադիտարկում. ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր

«ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հուլիսի 10-ին ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները Չինարի և Մովսես գյուղերի մերձակայքում տեղակայված դիրքերից կրակոցներ են արձակել ԱՀ Ալիբեյլի բնակավայրի ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում։ Դա ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է»,–նշված է ՊՆ–ի հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, թե իբր կրակոցների հետևանքով վնասվել է գյուղատնտեսական տեխնիկա։