ԱԱԾ–ն կքննի էլեկտրաէներգետիկ համակարգում տեղի ունեցած կոլապսը

Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ քննությունը կպարզվի էներգետիկ համակարգի խափանման պատճառներն ու հնարավոր մեղավորներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. ԱԱԾ տնօրենը հանձնարարել է նյութեր նախապատրաստել հուլիսի 10-ին էլեկտրաէներգիայի մատակարարման խափանման դեպքի վերաբերյալ։

Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը` հավելելով, որ դա արվում է, որպեսզի հստակ պարզվեն էներգետիկ համակարգի խափանման պատճառները։

Իրանական տատանումներից կախված հայկական լույսը. անվտա՞նգ է արդյոք ՀՀ էներգետիկ համակարգը

«Չնայած նախնական տվյալները կան, բայց ես կարծում եմ, որ պետք է խորը հետաքննություն իրականացվի և գնահատական տրվի` եղել են, թե չեն եղել մեղավորներ, ցուցաբերվել է անգործություն, թե ոչ»,– ասաց Վանեցյանը` խոստանալով արդյունքների մասին նույնպես զեկուցել։

Վարչապետ Փաշինյանն էլ հիշեցրեց, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հակոբ Արշակյանը ևս ծառայողական քննություն է նշանակել։

Նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ այսօր առավոտյան` Բելառուս կատարած աշխատանքային այցից վերադառնալուց անմիջապես հետո, խորհրդակցություն է անցկացրել էներգետիկ համակարգի պատասխանատուների հետ:

Փոխնախարար Հակոբ Վարդանյանի ղեկավարությամբ էներգետիկ ոլորտի մասնագետների ներգրավմամբ ձևավորվել է աշխատանքային խումբ՝ հուլիսի 10-ին տեղի ունեցած վթարի պատճառներն ուսումնասիրելու նպատակով:

Համատարած հոսանքազրկումներ են. Երևանում մետրոյի գնացքները մնացել են թունելներում

Հիշեցնենք` հուլիսի 10–ին, ժամը 13։00–ից Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են գրանցվել։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Facebook-ում հայտնել է, որ հոսանքի համատարած անջատումները պայմանավորված են Երևան ՋԷԿ–ում ու Հրազդան ՋԷԿ–ում տեղի ունեցած վթարներով։Ավելի ուշ հրատապ ասուլիսով հանդես եկավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը և հայտնեց, որ վթարի պատճառը վերջնականապես դեռ պարզված չէ։ Նախնական վարկածով` հաճախականության հզոր տատանում է տեղի ունեցել Իրանի էներգահամակարգում, որը զուգահեռ կապված է հայաստանյան համակարգի հետ, ինչի պատճառով էլ տատանումներ է առաջացրել նաև Հայաստանի տարածքում։