Թուրքիայի սադրիչ գործողությունները վտանգում են տարածաշրջանի անվտանգությունը. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ–ն վերահաստատում է իր լիակատար աջակցությունն ու համերաշխությունը Կիպրոսին և նրա ժողովրդին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում Թուրքիայի շարունակական սադրիչ գործողությունները վտանգում են տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը: Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Մեր խորին մտահոգությունն ենք հայտնում Թուրքիայի՝ Կիպրոսի հյուսիս-արևելքում նոր հորատման գործողություն իրականացնելու փորձի կապակցությամբ: Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունն ու համերաշխությունը Կիպրոսի Հանրապետությանը և նրա ժողովրդին»,– նշված է ԱԳՆ–ի հայտարարության մեջ։

Արտգործնախարարությունը կոչ է անում Թուրքիային դադարեցնել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ) բոլոր գործողությունները, հարգել Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանությունը և Կիպրոսի ժողովրդի իրավունքները` հետամուտ լինելու իրենց քաղաքական, սոցիալական և տնտեսական զարգացմանն` առանց արտաքին ճնշման:

Էրդողանը պատժամիջոցների մասին չի լսել. նա խոսել է ռուսական զենքի մասին

Հիշեցնենք, որ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հայտնաբերվել են բնական գազի խոշոր հանքավայրեր: Անկարան վիճարկել է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու սահմանները և ուղարկել այնտեղ «Ֆաթիհ» հորատման նավը: Թուրքիան հայտարարում է, որ հորատումը կտևի 4 ամիս՝ մինչև սեպտեմբերի 3-ը:

Օսմանյան մեծ ախորժակ. Թուրքիայի թիրախում հիմա էլ Լիբիա՞ն է