«Սուսերով պարը» Գյումրիում․ ինչպես ռուս ռեժիսորը ֆիլմ նկարեց հայ հանճարի մասին

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում գյումրեցի հանդիսատեսին ներկայացվեց 20-րդ դարի ամենանշանավոր երաժշտական ստեղծագործություններից մեկի ստեղծման անհավանական պատմությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Գյումրիում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում կայացավ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին նվիրված «Սուսերով պարը» ֆիլմի ցուցադրությունը։ Այդ առիթով «Հոկտեմբեր» կինոթատրոն սովորականից մարդաշատ էր։

«Խաչատրյանը հանճար էր և միևնույն ժամանակ շատ փակ մարդ։ Նա հազվադեպ էր հարցազրույց տալիս։ Երբեք չէր խոսում փիլիսոփայական կամ գաղափարախոսական թեմաներով։ Նրա բոլոր անձնական արտահայտությունները վերաբերում էին ստեղծագործությանը և ընկերությանը։ Մեծ հոգու տեր մարդ էր», - Գյումրիում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ֆիլմի ռեժիսոր Յուսուպ Ռազիկովը։

Ռեժիսորը երկար է փորփրել արխիվները, մինչև կարդացել է Ռոստրոպովիչի հարցազրույցը և տեսել բոլորովին այլ Խաչատրյանին։

Նրա խոսքով՝ կոմպոզիտորին այդպիսին չի ճանաչել նույնիսկ նրա ընտանիքը, այդ թվում կինը՝ Նինա Մակարովան։ Խոսքը նաև այն մասին է, թե նա որքան ծանր է տարել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը։

«Սուսերով պարը» Գյումրիում․ ինչպես ռուս ռեժիսորը ֆիլմ նկարեց հայ հանճարի մասին

«Ինձ թվաց, որ կարելի է բախում կառուցել հակադրության վրա․ նա ինչ է զգում և ինչ է պարտավոր անել։ Գաղափար ծնվեց ֆիլմը նկարել նրա կյանքի կարճ շրջանի մասին, երբ նա գրեթե ճնշման տակ գրել է «Սուսերով պարը»», - նշեց ռեժիսորը։

Ռազիկովը նաև հիշեցրեց, որ կոմպոզիտորին հանձնարարել են ստեղծագործությունը գրել Պերմում «Գայանեի» պրեմիերայից մեկ շաբաթ առաջ։ Խաչատրյանը «պարը» գրել է ընդամենը ութ ժամում։

«Ի՞նչ պետք է ապրի արվեստագետը, որպեսզի ութ ժամում նման երաժշտություն գրի։ Ինչպիսի՞ զգացմունքներ պետք է կուտակված լինեին նրա ներսում։ Հենց դա էլ դարձել է ֆիլմի գլխավոր գաղափարը», - ասաց նա։

Ավելացնենք նաև, որ ֆիլմում մեծ կոմպոզիտորին մարմնավորել է ռուսաստանցի դերասան Համբարձում Կաբանյանը։ Ռեժիսորի խոսքով՝ Համբարձումն անհավանական օժտված մարդ է։

Մեծն Արամ Խաչատրյանը, որ չէր թողնում երևանցիներին գիշերը քնել

Դերասանն իր հերթին նշեց, որ իր միակ նպատակը եղել է Խաչատրյանի էներգիան փոխանցելը։

«Լիակատար վստահություն կար ռեժիսորի կողմից։ Ուզում էի փոխանցել էներգիան, թեև դա անհնար էր, չէ՞ որ Խաչատրյանն այնպիսի մեծություն է․․․ Մի խոսքով, ինչ կարողացել եմ, արել եմ։ Չգիտեմ, թե դա որքան է ստացվել», - նշեց դերասանը։

Ինչպես է հնչում Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը» շշերի վրա. տեսանյութ

Նշենք, որ ֆիլմի նկարահանումներն անցկացվել են 2018 թ-ին երկու փուլով․ առաջինը՝ Ռուսաստանում՝ Յարոսլավլում և Յարոսլավլի շրջանում, երկրորդը՝ Հայաստանում, այդ թվում՝ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում և Խոր վիրապում։

Արամ Խաչատրյան. ստալինյան չորս մրցանակ ստացած բեռնակիրը