Սեդրակ Քոչարյանին թույլ չեն տալիս տեսակցել հորը. պաշտպան

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները խնդիրը վիճարկելու են դատարանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տղային` Սեդրակ Քոչարյանին, թույլ չեն տալիս տեսակցել հորը։ Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

«Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Քոչարյանի ոչ բոլոր հարազատներին են թույլատրում տեսակցել նրան։ Օրինակ` նրա տղային` Սեդրակ Քոչարյանին, այդպես էլ թույլ չեն տալիս տեսակցել հորը»,–ասաց պաշտպանը։

Նա նշեց նաև, որ դատարանում վիճարկելու են այս խնդիրը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմեց ՄԻՊ Արման Թաթոյանին. ո՞րն է խնդիրը

Հիշեցնենք, որ Քոչարյանին տեսակցելու խնդիր, ըստ պաշտպանների, առաջացել էր դեռ այս տարեսկզբին. նրա հարազատներին թույլ չէին տվել Ամանորի օրերին տեսակցել նրան։ Դրան հաջորդեց ապրիլի 4–ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի արած պնդումը, թե Քոչարյանի թոռնիկին են արգելել տեսակցել նրան։ Սակայն հատուկ քննչական ծառայությունը հերքել էր 2.5 տարեկան թոռնիկին Քոչարյանին տեսակցելն արգելելու լուրերը։

Հիշեցնենք, որ հունիսի 25–ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց կալանավորել Արցախի նախկին և ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել և գործն ուղարկել նոր քննության։

Նույն օրը Ռոբերտ Քոչարյանը ներկայացել էր ԱԱԾ քննչական մեկուսարան։