Հոսանքի խնդրի պատճառով հնարավոր են ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ. «Վեոլիա ջուր»

Երևանի ՋԷԿ-ի և Հրազդանի 5-րդ բլոկի խնդիրներն անդրադարձել են նաև ջրամատակարարման վրա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. «Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ էլեկտրամատակարարման համակարգում առաջացած խնդիրներով պայմանավորված՝ հնարավոր են նաև ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ։ Այս մասին գրված է ընկերության Facebook–յան էջում։

«Հրազդան–5» ՋԷԿ–ում կարճ ժամկետում կվերականգնեն էլեկտրամատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»

«Վերջին ժամերին Երևանի ՋԷԿ-ի և Հրազդանի 5-րդ բլոկի վրա առաջացել են տեխնիկական բնույթի խնդիրներ, որի հետևանքով դադարեցվել է նաև «Վեոլիա ջուր» ընկերության համակարգի պոմպակայանների աշխատանքը: Հաշվի առնելով այն, որ ջրի զգալի մասը տրվում է սպառողներին պոմպակայանների միջոցով, դա չէր կարող չանդրադառնալ նաև ջրամատակարարման կայունության վրա»,–նշված է ընկերության հայտարարության մեջ։

«Վեոլիա ջուրը» ձեռնարկում է միջոցներ աղբյուրներից ինքնահոս եղանակով ստացվող ջրի արդյունավետ վերաբաշխման միջոցով նվազագույնի հասցնել սպառողներին պատճառվող կենցաղային անհարմարությունները։

Հիշեցնենք` այսօր ժամը 13։00–ից Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են գրանցվել։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Facebook-ում հայտնել է, որ հոսանքի համատարած անջատումները պայմանավորված են Երևան ՋԷԿ–ում ու Հրազդան ՋԷԿ–ում տեղի ունեցած վթարներով։