Երևանի օդանավակայանն աշխատում է ավտոնոմ էլեկտրասնուցման աղբյուրներով

Հայաստանում էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումների պատճառով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը շուրջ կես ժամով հոսանքազրկվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Երևանի օդանավակայանն աշխատում է ավտոնոմ էլեկտրասնուցման աղբյուրներով։ Հայտնում են օդանավակայանից` հավելելով, որ դրանց շնորհիվ օդանավակայանի բնականոն աշխատանքը չի տուժել։ «Չվերթներն իրականացվել են ժամանակին։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը տեխնիկապես պաշտպանված է նման դեպքերից»:

«Հրազդան–5» ՋԷԿ–ում կարճ ժամկետում կվերականգնեն էլեկտրամատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»

Այդուհանդերձ, օդանավակայանում չեն հերքում, որ օրվա ընթացքում շուրջ կես ժամով հոսանքազրկվել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից: Բայց, դրանից հետո անցել են ավտոնոմ սնուցման տարբերակին։

Հիշեցնենք` այսօր Երևանում ու Հայաստանի որոշ մարզերում հոսանքի համատարած տատանումներ ու անջատումներ են գրանցվել։ Խափանումներ են եղել ինտերնետ համակարգում, հեռախոսակապում և Երևանի մետրոյի աշխատանքում։

ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնը հայտարարել է, որ նախարար Ֆելիքս Ցոլակյանն անձամբ է ճշտում, թե ինչ է կատարվում Հայաստանի էներգետիկ համակարգում։

Մութ կայարաններ, շփոթված ուղևորներ. ի՞նչ էր կատարվում Երևանի մետրոյում. տեսանյութ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքում հայտնել է, որ հոսանքի համատարած անջատումները պայմանավորված են 2 խոշոր էլեկտրակայաններում` Երևանի ՋԷԿ–ում ու Հրազդանի ՋԷԿ–ում տեղի ունեցած խոշոր վթարներով։