ԵՄ–ն կրկնապատկել է Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը

ԵՄ–ը ողջունում է անկախ, արդյունավետ ու հաշվետու դատական համակարգ ստեղծելու ՀՀ իշխանությունների մտադրությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն առաջին անգամ է այցելում մեր երկիր։ Այս մասին այսօր Երևանում հիշեցրեց նա` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։

«Ուրախ եմ հենց հիմա այստեղ գտնվել և դրական դինամիկա ստեղծել մեր համագործակցության համար։ Իմ այցելությունն ապացույցն է այն կարևորության, որ ԵՄ–ն վերագրում է մեր հարաբերություններին` Հայաստանի և տարածաշրջանի հետ»,– ասաց Տուսկը։

ԵՄ-ն քաջալերված է ԼՂ հակամարտության այս տարվա իրադարձությունների դրական դինամիկայով. Տուսկ

Նա անդրադարձավ նաև ՀՀ–ԵՄ գործընկերության համաձայնագրին` ընդգծելով դրա արդյունավետ իրականացումը։

«ԵՄ–ն կշարունակի տրամադրել տեխնիկական և ֆինանսական օժանդակություն` այս համաձայնագրի իրականացման համար։ ՀՀ վարչապետն ու ես նաև համաձայնեցինք, թե որքան կարևոր է օրենքի գերիշխանությունը, կոռուպցիայի դեմ պայքարը և մարդու իրավունքների հանդեպ հարգանքը»,– ասաց Տուսկը։

Նա նաև նշեց, որ ԵՄ–ը ողջունում է անկախ, արդյունավետ ու հաշվետու դատական համակարգ ստեղծելու ՀՀ իշխանությունների մտադրությունը։

«Դատական համակարգը էական բաղադրիչ է հասուն ժողովրդավարության և տնտեսական ու սոցիալական զարգացման համար»,– ասաց Տուսկը` հավելելով, որ ԵՄ–ը շարունակելու է նաև այս հարցերում փորձագիտական աջակցություն տրամադրել Հայաստանին` այդ թվում նաև հակակոռուպցիոն անկախ մարմին ստեղծելու գործընթացում։

Դոնալդ Տուսկը հայտնեց, որ 2019թ.–ին ԵՄ–ը կրկնապատկել է Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության չափը։

ԵՄ պայմանագրի վավերացմանն անդրադառնալով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները մեծ նշանակություն են տալիս ՀՀ–ԵՄ համագործակցության պայմանագրին ու ԵՄ անդամ երկրների կողմից այդ փաստաթղթի վավերացմանը։

ԵՄ–ն գումար կտրամադրի «կապուտաչյա գեղեցկուհու» համար. Դոնալդ Տուսկը գնում է Սևան

«Տվյալ պայմանագիրը մի գործիք է, որի իրականացումը ոչ միայն նպաստելու է Հայաստան– ԵՄ հարաբերությունների զարգացմանը, այլև օգնելու է ՀՀ իշխանությունների բարեփոխումների օրակարգի իրականացմանը»,– ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նաև հայտնեց, որ ՀՀ կառավարության գերատեսչությունները ԵՄ գործընկերների հետ համաձայնեցրել են պայմանագրի քարտեզը, որը հաստատվել է իր կողմից։

Փաշինյանը հայտնեց, որ եվրոպացի պաշտոնյայի հետ քննարկել են նաև ՀՀ–ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման հարցը։

«Իմ կողմից նշվեց Հայաստանի շահագրգռվածությունն այս հարցում, հատկապես` միջազգային շփումների ընդլայնման անհրաժեշտության տեսանկյունից։ Ես դիմեցի նախագահ Տուսկին` ԵՄ անդամ երկրներին այս ուղերձը փոխանցելու համար»,– ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետն իր երախտագիտությունն է փոխանցել Դոնալդ Տուսկին Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հավասարակշռված դիրքորոշում աներկբայորեն պաշտպանելու համար և համոզմունք հայտնել այդ կեցվածքի շարունակականության վերաբերյալ։

Նշենք, որ ԵՄ խորհրդի նախագահ Դոլանդ Տուսկը տարածաշրջանային այց է կատարում և մինչ Երևան ժամանելը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։