Ատոմակայանն անջատված է ցանցից. որևէ տեխնածին աղետ տեղի չի ունեցել

Փոխնախարարը խոստացավ, որ համատարած հոսանքազրկման վերջնական պատճառները պարզելուց հետո մեղավորները կպատժվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Հայաստանի էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարի պատճառը դեռ պարզ չէ։ Այս մասին հրավիրված հրատապ ասուլիսում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։

Հոսանքի խնդրի պատճառով հնարավոր են ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ. «Վեոլիա ջուր»

«Գիտեք, որ մեր էներգետիկ համակարգը շատ սերտորեն կապված է Իրանի էներգետիկ համակարգի հետ։ Ցանկացած տատանում մեր համակարգում զգացվում է իրենց մոտ։ Ցանկացած տատանում իրենց մոտ, զգացվում է մեզ մոտ։ Վարկածներից մեկն այն է, որ հաճախականության այդ հզոր տատանումը եկել է Իրանի էներգահամակարգում տեղի ունեցած վթարից»,– ասաց փոխնախարարը։

Նրա խոսքով` նույն ժամին նմանատիպ տատանումներ տեղի են ունեցել նաև Իրանի էներգահամակարգում։ Վերջնական պատճառները պարզելուց հետո, փոխնախարարը խոստացավ` մեղավորները կպատժվեն։

«Անհանգստանալու կարիք չկա։ Որևէ տեխնածին աղետ տեղի չի ունեցել, չի էլ ունենա»,– հայտարարեց Վարդանյանը։

Երևանի օդանավակայանն աշխատում է ավտոնոմ էլեկտրասնուցման աղբյուրներով

Նա հայտնեց նաև , որ Հայկական ատոմային կայանը վերազինման նպատակով անջատված է ցանցից և էներգամատակարարում ստանում է միայն սեփական կարիքների համար։ «Տատանումների առաջին իսկ պահից անջատվել է ցանցից և սեփական կարիքները բավարարել դիզելային գեներատորների միջոցով»,– հայտնեց Վարդանյանը։

Հիշեցնենք` այսօր Երևանում ու Հայաստանի որոշ մարզերում հոսանքի համատարած տատանումներ ու անջատումներ են գրանցվել։ Խափանումներ են եղել ինտերնետ համակարգում, հեռախոսակապում և Երևանի մետրոյի աշխատանքում։

ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնը հայտարարել է, որ նախարար Ֆելիքս Ցոլակյանն անձամբ է ճշտում, թե ինչ է կատարվում Հայաստանի էներգետիկ համակարգում։

Մութ կայարաններ, շփոթված ուղևորներ. ի՞նչ էր կատարվում Երևանի մետրոյում. տեսանյութ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքում հայտնել է, որ հոսանքի համատարած անջատումները պայմանավորված են 2 խոշոր էլեկտրակայաններում` Երևանի ՋԷԿ–ում ու Հրազդանի ՋԷԿ–ում տեղի ունեցած խոշոր վթարներով։