Արարատում 6 մարդու մահվան պատճառ դարձած վթարի գործով կալանավորվել է «Տոյոտայի» վարորդը

Արարատի մարզում տեղի ունեցած սարսափելի վթարի գործով մեղադրանք է առաջադրվել «Տոյոտա Հիլուքսի» վարորդին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Արարատի մարզում 6 մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի գործով «Տոյոտա Հիլուքսի» վարորդին մեղադրանք է առաջադրվել, և նա կալանավորվել է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի Facebook-յան էջից։

Ինչպես արդեն հայտնել էինք, հուլիսի 6-ին Արարատի մարզում երեք ավտոմեքենա բախվել էին միմյանց: Վթարի հետևանքով մահացել էին 6 մարդ, իսկ 11–ը` տեղափոխվել հիվանդանոցներ։

««Տոյոտա Հիլուքսի» վարորդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը։ Նախաքննությունը շարունակվում է»,– նշված է քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողությունները՝ վեց մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Արարատի մարզում սարսափելի վթարի վայրի զննությամբ «Գազել» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերել էին 6 այրված դի. զննությամբ պարզվել էր, որ 6 դիերից մեկն արական սեռի է, հինգը՝ իգական։