ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Երևանում էներգետիկ համակարգի խափանումներով պայմանավորված որոշ խաչմերուկներում լուսացույցները չեն աշխատում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Այսօր Երևանում ու որոշ մարզերում էներգամատակարարումն դադարեցվել էր։ Գնացքները մնացել էին մետրոյի կայարանների թունելներում, բոլոր ուղևորները տարհանվել էին»,- նշվում է ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Համացանցում տեղեկություն է հայտնվել նաև Երևանի փողոցներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների մասին։ Որպես վթարների հիմնական պատճառ օգտատերերը նշում են հենց լուսացույցների անսարքությունը։
«Հրազդան–5» ՋԷԿ–ում կարճ ժամկետում կվերականգնեն էլեկտրամատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
«Ոստիկանապետի հանձնարարությամբ Երևան քաղաքում Ճանապարհային ոստիկանության բոլոր կարգախմբերը մոտեցել են խաչմերուկներին, կատարում են անհրաժեշտ աշխատանքներ երթևեկությունը կարգավորելու ուղղությամբ», – նշեցին մամուլի ծառայությունում։
Հիշեցնենք` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը պարզաբանել էր, որ էներգահամակարգի աշխատանքի խափանումն ամենայն հավանականությամբ կապված է Իրանի հետ էլեկտրականության փոխանակման ընթացքում էլեկտրաէներգիայի հաճախականության տատանման հետ։