Գործադուլ Ագարակի կոմբինատում. լրացուցիչ աշխատավարձ են պահանջում

Կոմբինատի ղեկավարությունն ասում է, որ պատրաստ է  երկխոսության, բայց աշխատակիցների գործադուլի պատճառով արտադրությունը կանգ է առել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ,  10 հուլիսի — Sputnik. Տեխնոլոգիական տրանսպորտի աշխատակիցների գործադուլի հետևանքով Ագարակի կոմբինատի աշխատանքը դադարել է՝ կաթվածահար անելով ամբողջ արտադրական գործընթացը։ Այս մասին նշված է «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ կոմբինատի աշխատակիցները, աշխատանքային պայմանագրի խախտումով, ներկայացնում են լրացուցիչ դրամական միջոցներ վճարելու պահանջ, ինչը երկկողմանի պայմանագրերով նախատեսված չէ։

Բողոքի ակցիա և գործադուլ Վանաձորում. քաղաքապետը լուծում է փնտրում

Կոմբինատի ղեկավարությունն առաջարկել է հանդիպել ու կարգավորել հարցը, բայց աշխատակիցներն անտեսել են առաջարկը։

 «Հուլիսի  2 -ին ժամը14.30-ից կոմբինատի աշխատանքը ամբողջությամբ դադարել է, որից հետո կոմբինատի ղեկավարությունն առաջարկել է  արտադրամասի աշխատողներին հանդիպել  Մեղրիի համայնքապետի հետ, սակայն Սյունիքի մարզպետի և Մեղրիի համայնքապետի հետ հանդիպումները ևս արդյունք չեն տվել», – նշվում է հայտարարության մեջ։

Տեխնոլոգիական տրանսպորտի արտադրամասի աշխատակիցները  շարունակում են շրջափակել Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի գրասենյակը և հրաժարվում են իրավական դաշտում երկխոսություն սկսել  ղեկավարության հետ։

 «Կոմբինատի ղեկավարությունը նախազգուշացնում է՝ անօրինական գործադուլի նախաձեռնողները աշխատանքային պայմանագրի, ՀՀ աշխատանքային օրենսդրության և այլ նորմատիվ ակտերի շրջանակում կենթարկվեն պատասխանատվության», – նշվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք`«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը շահագործում է Ագարակի պղնձամոլիբդենային հանքն ու Ագարակում (Իրանի հետ սահմանի վրա) հանքահարստացնող կոմբինատ ունի։ Քաղաքի համախառն միջին աշխատավարձը մոտ 270 հազար դրամ է։ Քաղաքն այդ ցուցանիշով Հայաստանում առաջիններից է։