Վթարների մեծ մասը ճանապարհների վիճակի հետ է կապված. ե՞րբ է վարորդը ղեկին քնում

Վարորդների իրավունքների պաշտպանը լրագրողների հետ զրույցում նշել է, թե ինչ է անհրաժեշտ անել վթարների քանակը նվազեցնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Վարորդները ղեկին քնում են կամ շատ լավ ճանապարհի դեպքում, կամ էլ երբ երկար վատ ճանապարհն են գնում, ապա հաջորդում լավ ճանապարհը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատրյանը` խոսելով օրերս Վրաստանում տեղի ունեցած սարսափելի վթարի մասին։

Հայ մասնագետների գյուտը կյանքեր կփրկի.մեքենաների բախման դեպքում գազի բալոնն ավտոմատ կփակվի

Ինչպես արդեն հայտնել էինք, հուլիսի 7–ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին. «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել էր արգելապատնեշին և բռնկվել։ Վթարի հետևանքով 3 մարդ մահացել էր, որից երկուսը` երեխա։ Ըստ նախնական տվյալների` վարորդը քնել է ճանապարհին։

«Բոլոր վարորդներն էլ գիտեն, որ քնում են կամ շատ լավ ճանապարհի դեպքում, կամ էլ, երբ վատ ճանապարհին է հաջորդում լավ ճանապարհ։ Այսինքն` գերլարված վատ ճանապարհին քշելուց հետո, երբ հանկարծ ճանապարհը սկսում է լավանալ, քունդ տանում է։ Բացի այդ, վերջին վթարները տեղի են ունեցել ճանապարհների այն հատվածներում, որտեղ շինարարություն է ընթանում »,–ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով` վթարների մեծ մասը հենց ճանապարհների անմխիթար վիճակից է գալիս, որովհետև, ըստ Խաչատրյանի, վարորդները հենց 100 մետր նորմալ ասֆալտ են տեսնում, սկսում են արագ վարել։

Ի՞նչ է հուշում այլ երկրների փորձը, կամ ինչպես պայքարել ճանապարհային «մարդասպանների» դեմ

Ըստ Խաչատրյանի` վթարների նվազեցման համար անհրաժեշտ է վերահսկողության համակարգը բարելավել, բայց ոչ թե տուգանքների չափը բարձրացնելով, այլ այլընտրանքային ճանապարհներ ստեղծելով։ Վարորդների իրավունքների պաշտպանը վստահ է` տուգանքի չափն ավելացնելը խախտում անող վարորդին ոչ մի կերպ չի զսպելու։ «Փորձը ցույց է տալիս, որ պատժի այս ձևերը մեզ մոտ չեն աշխատում, ինչի համար էլ պետք է քննարկել այլընտրանքային միջոցներ, օրինակ` վարորդական իրավունքից զրկելը»,–ասաց Խաչատրյանը։

Նրա գնահատականով` եթե վերահսկողությունը ճիշտ չի լինում, բոլոր երկրներում էլ վարորդներն իրենց վատ են պահում:

Հիշեցնենք, որ Վրաստանում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել էին վարորդի կինը, նրա 15-ամյա որդին և նրանց սանիկը` 7-ամյա մի երեխա:

Օշական համայնքի ղեկավար Արամ Ներսիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, նրանց տղայի վիճակը ծայրահեղ ծանր է։