Մի բաժակ ջուր պահանջելուց մինչև վառված լամպը փոխել. արտառոց կանչեր շտապօգնությունում

Լինում են դեպքեր, երբ նույն բնակիչը օրական 4-5 անգամ տարբեր պատճառներով զանգում է շտապօգնություն, և շտապօգնությունը պարտավոր է սպասարկել բնակչին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի–Sputnik. Շտապօգնությունն այսօր չունի կանչի մերժման տարբերակ, ինչի համար էլ երբեմն ստիպված սպասարկում է կանչեր, որոնք շտապօգնության գործառույթների մեջ չեն մտնում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Շտապօգնության ծառայության ղեկավար Թագուհի Ստեփանյանը:

Շտապօգնության կանչերի թիվն աճել է. ինչի՞ց են գանգատվում երևանցիները

‹‹Լինում են դեպքեր, երբ բնակիչն օրական 4-5 անգամ զանգում է շտապօգնություն տարբեր պատճառներով, և մենք պարտավոր ենք գնալ: Մյուս կողմից, շատ են լինում անհեթեթ զանգեր. լինում են դեպքեր, երբ կանչի վայր հասած շտապօգնության բրիգադին բնակիչն ասում է՝ մեկ բաժակ ջուր տուր կամ էլ՝ ջահի միջի վառված լամպը փոխիր››,-ասաց նա:

Ստեփանյանի խոսքով՝ նման կանչերը բավականին դժվարացնում են իրենց աշխատանքը, քանի որ մերժելու տարբերակ չկա, իսկ շտապօգնությունն աշխատում է բավական լարված: Ըստ նրա՝ նման զանգերի սպասարկումը երբեմն կարող են մի փոքր ուշացնել անհետաձգելի կանչերով պայմանավորված, սակայն, ի վերջո, պարտավոր են գնալ կանչի հետքերով: Այնուամենայնիվ, Ստեփանյանը կարծում է, որ աշխատանքներ պետք է տարվեն և ինչ-որ ելք գտնվի: 

‹‹Որոշ հասցեներում կան թմրամոլներ, ոգելից խմիչք օգտագործողներ, որտեղից կանչ գրանցվելու դեպքում ոստիկանների ուղեկցությամբ ենք գնում: Օրական 650 կանչ է սպասարկում շտապօգնությունը, որի 25 տոկոսի դեպքում է հոսպիտալացման կարիք լինում: Մեր բնակիչները պետք է հասկանան, որ շտապօգնությունը պետք է սպասարկի միայն անհետաձգելի դեպքերում››,-ասաց Ստեփանյանը:

Գնդակահարման սպառնալիքից` դանակով հարձակում. ինչ է պահանջել տղամարդը շտապօգնության բժշկից

Նա հայտնեց նաև, որ այժմ շտապօգնության բոլոր մեքենաները վերակենդանացում ապահովող ծառայություններ ունեն, ինչպես նաև իրենց հաջողվում է կանչի դեպքում դեպքի վայր հասնել սահմանված ժամկետներում՝  3-15 րոպեի ընթացքում. բացառություններ, իհարկե, լինում են: