Կանաչած Սևանում լողալը վտանգավոր է, խմելը` ավելի. Գաբրիելյանը` թունավոր ջրիմուռների մասին

Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենը խորհուրդ է տալիս Սևան գնալիս լողալ միայն կապույտ հատվածներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Սևանի կապտականաչ ջրիմուռներով լի ջրում լողալը ոչ միայն տհաճ է, այլև կարող է վտանգավոր լինել առողջության համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը։

«Այդ ջրիմուռները կարող են մարդու մոտ ալերգիկ երևույթներ առաջացնել։ Եթե, օրինակ, կենդանիները խմեն այդ ջրից, կարող են նույնիսկ սատկել»,– ասաց նա։

Գաբրիելյանը հայտնեց, որ օրերս ինքն էլ եղել է Սևանում, և կանաչ ջուրը մտնելու ցանկություն չի էլ առաջացել։ Փոխարենը լողացել է այնտեղ, որտեղ ջուրը պարզ է ու կապտականաչ ջրիմուռներից զերծ։

Կանաչ Սևանն արդեն նաև գարշահոտություն է տարածում. թռչուններն էլ են փախե՞լ. տեսանյութ

Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի աշխատակիցները ջուր են նմուշառել են Սևանի կանաչած հատվածից։ Լաբորատոր փորձաքննությունը դեռ ավարտված չէ, բայց Գաբրիելյանը ջրիմուռների վտանգավորության մասին խոսեց` առանց փորձաքննության ավարտին սպասելու։ «Ջրիմուռների տեսակներ կան, որ թունավոր տոքսիններ են արտադրում։ Դա հաստատված է»,– ասաց նա` հավելելով, որ դրանք հատկապես վտանգավոր են Սևանից ջուր խմելու դեպքում։

Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը տնօրենը հետևելու է Սևանա լճի ջրի որակի փոփոխության ամբողջ ընթացքին` պարբերաբար նմուշներ վերցնելով ջրից ու լաբորատոր փորձաքննության ենթարկելով այն։

Բայց նա չի խոստանում շուտ հրապարակել փորձաքննությունների արդյունքները` խորհուրդ տալով սպասել ամբողջ հետազոտության ավարտին` Սևանում կատարվող պրոցեսի ամբողջական գնահատականն ունենալու համար։

Նշենք, որ Սևանում տեղի ունեցող գործընթացները չի հերքում նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

Սևանի սառը շերտը վնասվել է. նախարարը պարզաբանեց` ինչ է կատարվում լճում

Նա այսօր ԱԺ–ում հայտարարեց, որ Սևանի կանաչելու պատճառները մի քանիսն են. նախ` լիճն են լցվում Գեղարքունիքի մարզի բոլոր կեղտաջրերը, այդ թվում` առափնյա հյուրանոցների ու ռեստորանների, երկրորդ պատճառը ջրի տակ մնացած կանաչ տարածքներն են, որտեղից նույնպես մեծ քանակությամբ օրգանական նյութեր են լցվում լիճ, իսկ երրորդ և հիմնական պատճառը, ըստ Գրիգորյանի, Սևանի սառը շերտի վնասվելն է, որը տեղի է ունեցել լճի մակարդակի իջնելու հետևանքով:

Գրիգորյանի խոսքով` կապտականաչ ջրիմուռների աճ է դիտարկվում ոչ միայն Սևանում, այլև Բայկալ լճում, Սև ծովում ու այլ ջրային ավազաններում:

Մինասյան․ «Պիտի ավտոմատով կանգնեն, որ Սևանի իշխանը գնա ձվադրման, գա»

Հիշեցնենք` Սևանը բավական նկատելի ծաղկել էր նաև 2018թ–ի ամռանը։ Սակայն ի տարբերություն այս տարվա, անցյալ տարի այդ գործընթացը սկսվել էր հուլիսի երկրորդ կեսին։

Նախարարի խոսքով` այս տարի ծաղկումն ավելի շուտ է սկսվել հունիսին ամբողջ աշխարհում գրանցված անոմալ շոգի պատճառով։

Նախարարը չի բացառում, որ Սևանից կհանվի իշխանի բուծման ցանցավանդակային տնտեսությունը