Կալիֆոռնիայում երկրաշարժից հետո առաջացած ճեղքը տիեզերքից էլ է երևում

Ամերիկյան նահանգում գրանցված երկու երկրաշարժից հետո ճեղքեր են առաջացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի հարավը հուլիսի 6-ին գրանցված երկրաշարժից հետո երկու մասի է բաժանվել. Երկրի մակերևույթի հսկայական ճեղքը նույնիսկ տիեզերքից է երևում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով SFGATE պորտալին։

Ճեղքը երևում է Planet Labs ընկերության արբանյակային պատկերներում։

​Դրանից բացի, ճեղքեր են առաջացել ճանապարհներին։ Այդ պատճառով այժմ փակ է ավտոճանապարհներից մեկը, վերանորոգման աշխատանքներ են իրականացվում։

7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո շուրջ 200 հազար բնակիչ զրկվել էին էլեկտրաէներգիայից, մի քանի մարդ տուժել էին։

Դրանից մեկ օր առաջ ԱՄՆ–ում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ էր գրանցվել։ Էպիկենտրոնը եղել էր Ռիջքրեսթ քաղաքից 18 կմ դեպի հյուսիս–արևելք։