Ինչու է ուշանում Ամուլսարի փորձաքննության պատասխանը. նախարարն առաջարկում է դիմել ՔԿ

Իշխող ուժի տնտեսագետ պատգամավորը իշխող ուժի նախարարից պահանջում է հստակ պատասխաններ: Նախարարը խորհուրդ է տալիս դիմել Քննչական կոմիտե:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի- Sputnik. Ի՞նչ է ցույց տվել Ամուլսարի հանքավայրի միջազգային փորձաքննությունը, և ինչո՞ւ է այդ փաստաթուղթն այդքան երկար թարգմանվում: Այսօր ՀՀ ԱԺ-ում շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից այս հարցերի պատասխանը պահանջեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Քննչական կոմիտեն ստացել է Ամուլսարի հանքում փորձաքննության նախնական եզրակացությունը

«Դուք գիտեք, որ այդ փորձաքննությունը քրեական գործի շրջանակում Քննչական կոմիտեի կողմից փորձաքննական եզրակացություն ստանալու համար կատարված փորձաքննություն էր, և Շրջակա միջավայրի նախարարության տրամադրած փորձաքննական գործընթացների հետ չի առնչվում»,- ասաց նախարարը` պատգամավորին խորհուրդ տալով հետաքրքրող հարցերն ուղղել Քննչական կոմիտե:

Պատգամավորին, սակայն, այս պատասխանը չբավարարեց: Թունյանը շեշտեց, որ գործընթացը Քննչական կոմիտեի միջոցով իրականացնելը զուտ տեխնիկական պատճառ ունի, բայց հարցի իրական հասցեատերը մնում է Շրջակա միջավայրի նախարարությունը:

Գալստյան. «Լիդիան» ընկերության հայտարարությունը պարզագույն ապակողմնորոշում է»

«Մենք ուզում ենք իմանալ՝ Ամուլսարի հանքավայրը բնությանն անթույլատրելի վնաս պատճառո՞ւմ է, թե՞ չի պատճառում: Ու քանի որ դուք շրջակա միջավայրի համար եք պատասխանատու, իսկ ես՝ որպես տնտեսագետ, ավելի շատ տնտեսական շահերի մասին եմ մտածում, ինձ հետաքրքիր է` այս մեկ տարվա հետաձգումը` իր տնտեսական վնասի հետ, որքանո՞վ է համարժեք այդ բնապահպանական վնասի հետ»,- հարցրեց պատգամավորը:

Հարցին նախարարը պատասխանեց` հիշեցնելով Արարատյան դաշտի ձկնաբուծարանների օրինակը, որոնք տարիներ շարունակ բարձր տնտեսական ցուցանիշներ ապահովելուց հետո հանգեցրին բնապահպանական ծանր խնդրի` սպառելով տարածքի գրունտային ջրերը:

Անդրադառնալով Ամուլսարին` Գրիգորյանը դարձյալ շեշտեց, որ քրեական գործը հարուցված է, և եթե կպարզվի, որ նախարարության պաշտոնյաները տեղյակ են եղել հնարավոր բնապահպանական ռիսկերի մասին ու թաքցրել են դրանք, նրանք ևս պատասխանատվության կենթարկվեն:

Սևանի սառը շերտը վնասվել է. նախարարը պարզաբանեց` ինչ է կատարվում լճում