Դատարանն անվավեր է ճանաչել Շիրակի մարզպետի որոշումը. դպրոցի տնօրենն աշխատանքի կվերադառնա

Շիրակի մարզպետարանը կփոխհատուցի Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրենի հարկադիր պարապուրդի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանը կվերադառնա աշխատանքի. մարզպետի որոշումն անվավեր է ճանաչվել։ Այս մասին հայտնում է «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակը։

Սատանան մանրուքներում է. ինչու են Գյումրու գլխավոր եկեղեցին անվանում «Յոթ վերք»

Մեսրոպյանի դեմ քրգործ էր հարուցվել դեռ նախորդ տարի ամռանը. դպրոցի փաստաթղթերում, աշակերտների ցուցակներում և դասամատյաններում՝ որպես տարբեր դասարանների աշակերտներ գրանցված են եղել թվով 16 անձանց տվյալներ, որոնք, սակայն, դպրոց չեն հաճախել և չեն մասնակցել դասապրոցեսներին։

«Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2019 թ.-ի հուլիսի 4-ի վճռով բավարարեց Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանին աշխատանքից ազատելու որոշումն անվավեր ճանաչելու, վերջինիս աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումար բռնագանձելու պահանջների վերաբերյալ ներկայացված հայցը»,– նշված է ընկերության հայտարարության մեջ։

Ի դեպ, վճիռն օրինական ուժի մեջ կմտնի հրապարակման պահից մեկ ամիս անց, եթե չբողոքարկվի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

Սարսափելի պայմաններ. ՍԱՊԾ ղեկավարը կասեցրել է Գյումրու մսամթերքի կետերի աշխատանքը

Հիշեցնենք, որ դպրոցի տնօրենը մեղադրվում էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնական կեղծիք կատարելու մեջ։ Քրգործի շրջանակում հիմնավորվել էր, որ դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակել են նույն դպրոցի թվով 25 աշխատակիցներ։

Դպրոցի տնօրենը և 25 աշխատակիցներ զղջացել էին իրենց կատարած արարքի համար, ընդունել իրենց մեղքը, և տնօրենը վերականգնել էր պետությանը պատճառած նյութական վնասը: Սակայն 2019 թվականի փետրվարի 28-ին Շիրակի մարզպետի որոշմամբ Նարինե Մեսրոպյանն ազատվել էր պաշտոնից: Մեսրոպյանը բողոքարկել էր մարզպետի որոշումը։

Ինչո՞ւ գյումրեցին չընդունեց Արմեն Սարգսյանի՝ նախագահ դառնալու առաջարկը