ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Sputnik Արմենիայի տեղեկություններով` Արտաշատ քաղաքի Արազի փողոցում գտնվող ավտովերանորոգման կետում «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենա է այրվել՝ վերածվելով մոխրակույտի:
Մեր տեղեկություններով՝ մեքենան պատկանում է Վայոց ձորի մարզի բնակիչ, 42-ամյա մի տղամարդու: Նա մեքենան վերանորոգման կետ է տարել տեխնիկական խնդիրը լուծելու նպատակով: Զոդման ժամանակ հանկարծակի հրդեհ է բռնկել, ինչի հետևանքով վայրկյանների ընթացքում մեքենան ամբողջությամբ այրվել է: Դեպքի վայրում գտնվող անձինք, արագ կողմնորոշվելով, հեռացել են տարածքից և ահազանգել 911: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են կրակը:
Երևանում մայր և դուստր փորձել են նետվել Դավիթաշենի կամրջից. ծայրահեղ քայլը կանխվել է
Ըստ լուրերի՝ այրվել են մեքենայի տիրոջ մի շարք փաստաթղթերը, ինչպես նաև սրահում եղած մոտ 1500 դոլարը: Ընդհանուր առմամբ՝ սեփականատերը կրել է մի քանի միլիոնի վնաս: Տուժել է նաև ավտովերանորոգման կետի սեփականատերը։
Հրդեհի բռնկման հստակ պատճառը կամ պատճառները հայտնի կդառնան փորձաքննություններից հետո: