Կինն այրվել է ամուսնու աչքի առաջ. ովքեր են Արարատի ավտովթարից մահացածները. մանրամասներ

Արարատում տեղի ունեցած սարսափելի ավտովթարից մահացած 23–ամյա կնոջն արդեն հուղարկավորել են, իսկ նրա ամուսնու վիճակը ծանր է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Արարատի մարզում, Երևան– Երասխ ճանապարհին տեղի ունեցած սարսափելի ավտովթարի ժամանակ կինն այրվել է ամուսնու աչքի առաջ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Արարատի մարզի Սուրենավան համայնքի ղեկավար Կարո Կարապետյանը։

Ինչպես արդեն հայտնել էինք, հուլիսի 6-ին Արարատի մարզում երեք ավտոմեքենա բախվել էին միմյանց: Վթարի հետևանքով մահացել էր 6 անձ, իսկ 11 մարդ` տեղափոխվել հիվանդանոցներ։

«Ժենյան ու Գագիկը մեր համայնքի բնակիչներ են։ Գագիկն այժմ վնասվածքներով հիվանդանոցում է, վիճակը ծանր է, սակայն կյանքին վտանգ չի սպառնում։ Նա նաև ներքին այրվածքներ ունի։ Նրա կինը` Ժենյան, ամուսնու աչքի առաջ է վառվել... Նա այն աղջիկն է եղել, որը «Գազելից» կախված է եղել, ու ցանկացել են օգնել, բայց կրակը շատ հզոր է եղել»,–ասաց Կարապետյանը։

Մահացածներից մեկ ուրիշն էլ` 20-ամյա Աստղիկ Ավետիսյանը, նույնպես Սուրենավանից էր։ Նա ուսանող էր, Արարատի տարածաշրջանային պետական քոլեջում էր սովորում։ Կարապետյանի խոսքով` աղջիկն ապրում էր սոցիալապես անապահով բազմանդամ ընտանիքում։

Արարատի սարսափելի վթարի հետքերով. մոխրացած դիակներից մեկի ինքնությունը դեռ չեն պարզել

Այսօր տեղի է ունեցել երկու մահացածների թաղման արարողությունը։

Վթարից տուժածներից երկուսն էլ Արարատի Արմաշ համայնքի բնակիչներ էին։ Արմաշի ղեկավար Հակոբ Զեյնալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մահացածները տատ ու թոռ էին, կինը` 54 տարեկան, թոռը` 16։

«Արարատից Երասխ էին գնում։ Սովորաբար գնումների համար են այնտեղ գնում, ամենայն հավանականությամբ նրանք էլ էին այդ նպատակով գնում։ Բազմանդամ ընտանիք էր` ծնողներ, տատիկ, երեխաներ։ 16-ամյա աղջիկն իրենից փոքր եղբայր ունի։ Գյուղատնտեսությամբ էին զբաղվում, ապրում»,– ասաց համայնքի ղեկավարը։

Նա հայտնեց նաև, որ նրանց թաղման արարողությունը տեղի կունենա վաղը։

Նշենք, որ վթարի հետևանքով մահացել էր նաև «Գազելի» վարորդը` 57–ամյա Վաչիկ Ասլանյանը, որն Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ էր։ Համայնքի ղեկավար Կարեն Ղազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ Ասլանյանը ավելի քան 10 տարի երթուղայինի վարորդ էր աշխատում։ Համայնքի ղեկավարի խոսքով` այսքան ժամանակ նրա մասնակցությամբ որևէ վթար տեղի չի ունեցել։

«Աշխատող–ապրող ընտանիք է։ Ապրում էր կնոջ և երկու երեխաների հետ։ Երեխաները չափահաս են` աղջիկն ուսանող է, տղան էլ մասնավոր մի տեղ արհեստ է սովորում»,–ասաց Ղազարյանը։

Նշենք, որ Ասլանյանի թաղման արարողությունը տեղի կունենա հուլիսի 10–ին։

Ի դեպ, մեկ իգական սեռի դիակի ինքնությունը դեռևս պարզված չէ։

Ողբերգական ավտովթար Դիլիջանում. 26–ամյա ՌԴ քաղաքացին տեղում մահացել է

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ վթարի հետևանքով բոլոր 7 տուժածները շարունակում են բուժում ստանալ տարբեր ԲԿ–ներում։

Այս պահին ծայրահեղ ծանր է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում գտնվող 20–ամյա աղջկա վիճակը։ Նշենք, որ աղջիկն Արարատի մարզի Երասխ գյուղի բնակիչ 20-ամյա Ծաղիկ Հակոբյանն է, որին երեկ վիրահատել են։ Նա կյանքին սպառնացող վնասվածքներ ունի:

Արարատի ողբերգական վթարից տուժած 7–ամյա Նարեն արդեն լավ է. նախարարի ու փոքրիկի լուսանկարը

«Նույն ԲԿ–ում գտնվող 2 քաղաքացու առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր։ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժում ստացող երեխայի վիճակում կա դրական շարժընթաց: Արարատի բժշկական կենտրոնում բուժում ստացող 2 քաղաքացուց մեկի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մյուսինը` բավարար»,–հայտնեցին նախարարության լրատվական բաժնից։

Իսկ «Էրեբունի» և «Արմենիա» բժշկական կենտրոններում բուժում ստացող 2 տուժածի առողջական վիճակը բժիշկները ևս գնահատում են միջին ծանրության:

Հիշեցնենք, որ այսօր ձերբակալվել է ողբերգական ավտովթարի մասնակից «Տոյոտա Հիլուքսի» վարորդ Սողոմոն Հակոբյանը։ Ենթադրվում է, որ նա դուրս է եկել հանդիպակաց գոտի և հարվածել «Գազելին»։