Արարատի ողբերգական վթարից տուժած 7–ամյա Նարեն արդեն լավ է. նախարարի ու փոքրիկի լուսանկարը

Երևան–Երասխ ճանապարհին տեղի ունեցած սարսափելի վթարից հետո հիվանդանոց տեղափոխված փոքրիկը լուրջ վնասվածքներ չունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Արայիկ Հարությունյանը երեկ այցելել է Երևան-Երասխ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից տուժած երեխաներից մեկին` 7 տարեկան Նարեին։ Այս մասին Հարությունյանը գրել է Facebook սոցիալական կայքի իր էջում։

«Քիչ առաջ այցելեցի Արարատի հիվանդանոցում գտնվող փոքրիկ Նարեին, որը տուժել էր ողբերգական ավտովթարի ժամանակ: Տրամադրությունը լավ էր, լուրջ վնասվածքներ չունի: Շուտով կվերադառնա ընտանիք»,– գրել է նախարարը։

Նա վարորդներին հորդորել է զգույշ երթևեկել ու հիշել, որ Նարեի փոխարեն կարող է լինել յուրաքանչյուրի երեխան և հարազատը:

Հիշեցնենք` հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին Արարատի մարզում, Երևան-Երասխ ճանապարհին միմյանց էին բախվել երկու մարդատար ավտոմեքենաներն ու Արարատ-Երասխ երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը։ Բոլոր ավտոմեքենաներն այրվել էին, «Գազելը» վերածվել էր մոխրակույտի։ ԱԻՆ–ի պաշտոնական տվյալներով` կա 6 զոհ, 12 տուժած։

Ի՞նչ է կատարվում Երևան–Երասխ ճանապարհին տեղի ունեցած սարսափելի վթարից հետո. տեսանյութ

«Իմ աչքի առաջ էին այրվում, ուզում էի օգնել, չէի կարողանում մոտենալ». վթարի ականատես