ՌԱԴԻՈ

Մուշեղյան. ««Հրազդան» մարզադաշտից տարհանման խնդիր չի եղել ու չի էլ կարող լինել»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախատեսում է ազգային մարզադաշտ կառուցել մարզերից մեկում։ Վերջերս, լրագրողների հետ զրույցում, ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ ավելի նպատակահարմար է նոր մարզադաշտ կառուցել, քան նորոգել Երևանի «Հրազդան» մարզադաշտը։
Sputnik
Մուշեղյան. ««Հրազդան» մարզադաշտից տարհանման խնդիր չի եղել ու չի էլ կարող լինել»

Ըստ Վանեցյանի, նույնիսկ նորոգումից հետո «Հրազդան» մարզադաշտը չի կարող միջազգային խաղեր ընդունել։ Բացի այդ, նշվում է, որ մարզադաշտն ունի մարդկանց տարհանման խնդիր։ Տասնամյակների պատմություն ունեցող «Հրազդան» մարզադաշտի նախագծող ճարտարապետներից Գուրգեն Մուշեղյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պնդում է, որ այդպիսի խնդիրներ չկան։

«Հրազդան» մարզադաշտին նորոգումն էլ չի փրկի. Վանեցյանը` ազգային մարզադաշտի մասին

«Այդպիսի խնդիրներ չեն եղել ու չեն էլ կարող լինել, այն ժամանակ մարզադաշտից կարող էր տարհանվել 100 հազար մարդ»,–հավաստիացնում է Մուշեղյանը։

Նրա խոսքով` մարզադաշտի հարակից տարածքի հետ կապված անօրինական որոշումներ են կայացվել։ Մասնավորապես, վարձակալությամբ է տրվել շրջակա հանրային տարածքը, որտեղ հետագայում առևտրի կենտրոն է կառուցվել։

«Ինչ վերաբերում է միջազգային չափանիշներին, ապա դեռ խորհրդային տարիներն օլիմպիական կոմիտեն հաստատել էր, որ «Հրազդան» մարզադաշտը համապատասխանում է այդ չափորոշիչներին»,–հիշում է Գուրգեն Մուշեղյանը։

Մարզադաշտի նախագծող ճարտարապետը պնդում է, որ «Հրազդանի» հետ կապված հիմնական խնդիրը շրջակայքի առևտրի կենտրոնն է, որը խոչընդոտում է մարդկանց տարհանմանը։

Ազգային մարզադաշտը Երևանից դուրս կառուցելու հիմնական պատճառն, ըստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, այն է, որ Երևանը շատ խիտ է կառուցապատված և եթե հաջողվի մարզում կառուցել մարզադաշտը, ապա դաշտի կողքին կկառուցվեն այլ ենթակառուցվածքներ՝ այդպիսով նպաստելով մարզերի զարգացմանը։