«Ոսկե արմավենու ճյուղը»` «Ոսկե ծիրանում». 16-րդ անգամ Երևանում մեկնարկեց կինոփառատոնը

Մեկ շաբաթ շարունակ ֆիլմասեր հասարակությունն ու կինոգործիչները բացառիկ հնարավորություն կունենան միջազգային կինոմատոգրաֆիայի գլուխգործոցները վայելելու:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կարմիր գորգով մեկնարկեց «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը: Կաննի միջազգային կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի այս տարվա դափնեկիր Չուն-հո Պոնի «Մակաբույծը» (Հարավային Կորեա) ֆիլմով է տրվում Երևանի 16-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի բացումը:

Կոֆե՞, կենտրո՞ն, կինո՞. «Ոսկե ծիրանը» թեժ ամառ է խոստանում

Ֆիլի ցուցադրությունից առաջ ելույթ ունեցավ Երևանի «Ոսկե ծիրան » միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը:

«Այս տարի փառատոնը փոփոխություն է կրել. փոխվել է փառատոնի ղեկավար կազմը, փոխվել 1 դիզայնը, տարբերանշանը, վերանայվել են բազում գաղափարներ: Փոխվել է փառատոնի տնօրենը»,- ասաց Հարություն Խաչատրյանը:

«Ոսկե ծիրան » միջազգային կինոփառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանի խոսքով` փառատոնը հասել է պատանեկության խենթ ու խելառ տարիքին: «Ես այդ տարիքում էի, երբ առաջին անգամ փառատոնի շրջանակներում տեսա ամենահուզիչ ու ամենասիրուն ֆիլմերը: Մեր փառատոնի առաքելությունը ոչ միայն զվարճացնելն է, այլև հուզել, ստիպել մտածել , լսելի դարձնել այն ձայները, որոնք այլ կերպ ուղղակի լսելի չէին լինի: Մեր փառատոնը երջանիկ պատանի է, քանի որ մեծացել է իրեն սիրող և հոգատար ձեռքերում»,–ասաց Հովհաննիսյանը:

Բեմում հիմնադիրները խոստացան, որ «Ոսկե ծիրան » միջազգային կինոփառատոնը ոչ միայն շարունակական է լինելու, այլև ավելի շատ է ֆինանսավորվելու, որպեսզի աշխարհին լսելի դարձնի այն, ինչը անհասանելի է շատերին:

Հայտնի են Կաննի 72-րդ միջազգային կինոփառատոնի դափնեկիրները. լուսանկարներ

«Ոսկե ծիրանն» այս տարի ունի նաև նոր տարբերանշան, որն արտահայտում է փառատոնի նոր կազմի ինքնատիպ մոտեցումը 16-րդ տարին անցկացվող իրադարձությանը: Այն մինիմալիստական է, ներկայացնում է հայերեն «Ծ» տառը: Այդ տառի միջոցով լոգոյի հեղինակը փորձել է ստանալ փառատոնի խորհրդանիշ համարվող ծիրանը:

Միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ, ինչպես նաև ընտրվել են մի շարք կինոնկարներ աշխարհի հեղինակավոր կինոփառատոններից՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամից: Փառատոնն ունենալու է միջազգային լիամետրաժ (խաղարկային և վավերագրական), ինչպես նաև կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթներ, իսկ արտամրցութային ծրագիրը ներառելու է «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցույթը: Մնացած ծրագրերը ոչ մրցութային են. դրանք են՝ «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ», «Հարգանքի տուրք»:

Փառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 7-14-ը: