Փաշինյանը վիետնամցի գործարարներին առաջարկել է հայկական գինի ու կոնյակ արտահանել Վիետնամ

Հայաստանի ու Վիետնամի ՏՏ ոլորտի պատասխանատուները պայմանավորվել են համատեղ փորձնական ծրագրեր իրականացնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վիետնամի առևտրի պալատի ղեկավարության և վիետնամցի մոտ երկու տասնյակ խոշոր գործարարների հետ: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Փաշինյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացված քայլերը` ընդգծելով, որ այսօր Հայաստանում ներդրումների համար չկան արհեստական խոչընդոտներ:

«ՀՀ կառավարության նպատակն է երկիրը վերածել տեխնոլոգիական պետության: Վերջին տարիներին Հայաստանում ՏՏ ոլորտն աճել է հինգ անգամ: Ոլորտի զարգացումը ոչ միայն շարունակվում է, այլ նաև ընթանում է ավելի արագ տեմպերով: Ուրախ եմ, որ մեր երկրների ՏՏ ոլորտի պատասխանատուներն արդեն իսկ պայմանավորվել են իրականացնել պիլոտային համատեղ ծրագրեր»,- նշել է Փաշինյանը:

Վարչապետը որպես համագործակցության հեռանկարային ճյուղեր նշել է նաև գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, կրթությունը, տեքստիլ արդյունաբերությունը: Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ մեր պետությունը ազատ առևտրային ռեժիմներ ունի Վրաստանի, Եվրասիական տնտեսական միության պետությունների, շուտով նման ռեժիմ կունենա նաև Իրանի հետ, GSP և GSP+ ռեժիմներ ունի ԵՄ երկրների, ԱՄՆ-ի ու Շվեյցարիայի հետ:

Փաշինյանն ու Նգանը հանդիպել են և կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել

ՀՀ վարչապետը նշել է, որ մեր երկիրը կարող է մեծ հետաքրքրություն ներկայացնել նաև հայկական խմիչքների` կոնյակի ու գինու, վերամշակված գյուղմթերքների` Վիետնամ արտահանելու առումով:

Վարչապետն ասել է, որ վիետնամցի գործարարներին ակնկալում է տեսնել ընթացիկ տարվա աշնանը Երևանում` հայ-վիետնամական համատեղ բիզնես ֆորումի ժամանակ, ինչը բիզնես կապեր հաստատելու լավ հնարավորություն կտա:

Փաշինյանը Վիետնամ է մեկնել հուլիսի 4-ին։ Հուլիսի 7-ին նախանշված է նաև նրա այցը Սինգապուր։