ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Այս շաբաթվա մեջ երկրորդ անգամ երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄՆ–ի Կալիֆոռնիա նահանգում։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ի սեյսմիկ ծառայությունը` նշելով, որ երկրաշարժը 7,1 մագնիտուդ ուժգնություն է ունեցել։
Կենտրոնի տվյալներով՝ ցնցումների օջախը տասը մետր խորության վրա է եղել։ Երկրաշարժը գրանցվել է Լոս Անջելեսից 202 կիլոմետր հեռավորության վրա՝ Ռիջկրեստ քաղաքում։ Տուժածների մասին տեղեկություն չկա, սակայն շենքեր են վնասվել։
Նույն նահանգում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել նաև հուլիսի 4-ին։ Ընդհանուր առմամբ 1,4 հազար ստորգետնյա ցնցում է գրանցվել, դրանցից 17-ը` 4 և բարձր մագնիտուդով։
ԶԼՄ–ները հայտնել էին, որ դա վերջին 20 տարվա ընթացքում նահանգում գրանցված ամենահզոր երկրաշարժն է եղել։