«Իմ աչքի առաջ էին այրվում, ուզում էի օգնել, չէի կարողանում մոտենալ». վթարի ականատես

Արարատի մարզում ողբերգական վթարի զոհերի և տուժածների տվյալները դեռ ճշտվում են։ Մինչ այդ հարազատները փնտրում են այդ օրը «Գազել» նստած իրենց հարազատներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Ամեն բան մոխրացած էր, արդեն հնարավոր չէր հասկանալ, թե քանի մարդ է այրվել։ Արարատի մարզում տեղի ունեցած վթարից հետո դեպքի վայր այցելած լրագրողներին պատմեց ականատեսներից մեկը։

«Արդեն հանգցնելուց հետո, որ նայեցինք, մի 5-6 հոգի էին զոհերը։ Իմ աչքի առաջ էին այրվում; Կրակն այնքան ուժեղ էր, ուզում էի օգնել, չէի կարողանում մոտենալ։ Մարդիկ դանդաղ մոխրանում էին»,– ասաց ականատեսը։

Նրա խոսքով` անգամ հրշեջներն այրվող ավտոմեքենային չէին կարողացել 5-6 մետից ավելի մոտենալ։

Արարատ գյուղի բնակիչ Արթուր Նազարեթյանն այդ պահին ևս ավտոմեքենայով անցնելիս է եղել, կանգ է առել ու օգնել, որ վթարված Toyota ավտոմեքենայից դուրս բերեն կնոջն ու երկու երեխաներին։

Ի՞նչ է կատարվում Երևան–Երասխ ճանապարհին տեղի ունեցած սարսափելի վթարից հետո. տեսանյութ

«Երեք ավտոմեքենաներն էլ այրվում էին` «Գազելն» էլ, «Վազ–2106»-ն էլ, «Տոյոտան» էլ, ու երեքի մեջ էլ մարդիկ կային»,– ասաց նա։ Տղամարդը նաև պատմեց, որ կինը երեխաների հետ չի կարողացել բացել ավտոմեքենայի դուռը։ Ինքն այդ պահին ավտոմեքենայի վրայից հանել է պահեստային անվադողը, դրանով կոտրել ապակին և կնոջն ու երեխաներին դուրս բերել այրվող ավտոմեքենայից։

Դեպքի վայրում էր նաև «Գազելի» ուղևորներից մեկի հայրը։ Նա լրագրողներին հայտնեց, որ չի կարողանում գտնել դստերը։

«Ոչ մի տեղեկություն ես չունեմ, թե երեխան որտեղ է։ Արարատի հիվանդանոցից ասում են` մեզ մոտ չեն բերել։ Արարատից ուղարկեցին դեպքի վայր, ասացին քննչական կոմիտեն տեղում է, տվյալներն իրենց մոտ են»,– պատմեց տղամարդը։

Աստղիկ Ավետիսյան անուն–ազգանունով տվյալներ, սակայն, այս պահին հրապարակված ցուցակներում չկան։

Հիշեցնենք` հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությունը տեղեկություն էր ստացել, որ Արարատի մարզում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են երեք ավտոմեքենա: Ըստ նախնական տվյալների՝ կա 6 զոհ և 11 տուժած։

Տուժածների թվում երեք երեխա կա, որոնցից մեկը 7 տարեկան է, մյուս երկուսը` 12 և 13 տարեկան։