Սահմանադրությունը ոչ փոփոխելի հոդվածներ ունի. Փաշինյանը շնորհավորել է Սահմանադրության օրը

ՀՀ վարչապետն իր շնորհավորական ուղերձում նշել է Սահմանադրության այն հոդվածները, որոնք, իր համոզմամբ, փոփոխման ենթակա չեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան Վիետնամից շնորհավորել է ՀՀ քաղաքացիների Սահմանադրության օրը։

Facebook սոցիալական ցանցի էջում հրապարակած ուղերձում վարչապետը նշել է Սահմանադրության այն հոդվածները, որոնք փոփոխման ենթակա չեն։ Դրանք են երկրի գլխավոր օրենքի առաջին ու երկրորդ հոդվածները։

«Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»,– մեջբերել է Փաշինյանը:

Այս հոդվածներում տեղ գտած դրույթների մի մասը, ըստ վարչապետի, արդեն իրականություն է Հայաստանում։

«Մյուս մասը քայլ առ քայլ դառնում է իրականություն: Մտքով, աշխատանքով եւ դուխով»,– գրել է վարչապետը։

Հիշեցնենք` Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ հուլիսի 4-ից 6-ը պաշտոնական այցով մեկնել է Վիետնամ, որտեղից մեկնելու է Սինգապուր։

Փաշինյանի կուսակցությունը` ՀՀԿ-ի «կրկնօրինակ». ինչո՞վ են նմանվել նախորդներին

Հայաստանում հուլիսի 5-ին նշվում է Սահմանադրության օրը: 1995թ.-ի այս օրը հանրաքվեով ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը՝ որպես երկրի հիմնական օրենք:

Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն և, համաձայն «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի, համարվում է ոչ աշխատանքային օր:

Սահմանադրությունը Հայաստանի մայր օրենքն է, իրավական համակարգի հիմքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը:

1995թ–ին ընդունված ՀՀ սահմանադրությունը հետագա 22 տարվա ընթացքում հասցրել է 2 անգամ փոփոխվել։
Հայաստանի Հանրապետությունը գոյության 26 տարվա ընթացքում 3 անգամ սահմանադրական հանրաքվեն անցկացրել է անխափան և միայն մեկ անգամ տապալել այն։