ԵՐԵՎԱՆ, 5 Հուլիս — Sputnik. Նկատել եմ բարություն վիետնամցի ժողովրդի աչքերում․ կարծում եմ`այդ բարության հիմքը վիետնամական ավանդական երաժշտությունն է, որը լսելուց հետ անհնար է զգալ չարություն կամ զայրույթ։
Այս մասին ասել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Հանոյում Վիետնամի սոցիալիստական հանրապետության վարչապետի տիկին Թրան Նգույետ Թուի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին տեղեկացնում են Աննա Հակոբյանի գրասենյակից։
«Շատ կարևոր է Ձեր այցը և այն կարող է խթան հանդիսանալ երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ։ Ես գիտեմ, որ Հայաստանը դարավոր պատմություն և հարուստ մշակութային ժառանգություն ունի։ Եվ յուրաքանչյուր տարի Հայաստանն ունենում է զբոսաշրջիկների մեծ հոսք։ Ես հույս ունեմ, որ կկարողանամ այցելել Ձեր պատմական երկիրը»,- ասել է Թրան Նգյուետ Թուին։
Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հյուրընկալության համար։ «Ձեր երկիրը հիասքանչ է, և ես իսկապես սիրահարվել եմ Ձեր քաղաքին։ Այն շատ գեղեցիկ է և շատ հարմարավետ։ Ես հիացած եմ Ձեր ժողովրդի հյուրընկալությունից։ Ես հույս ունեմ, որ Դուք և Ձեր ամուսինը ժամանակ կգտնեք և կայցելեք մեր երկիր։
Ես ձեզ հրավիրում եմ Հայաստան և վստահ եմ, որ ինչպես ես սիրեցի Ձեր երկիրը, Դուք էլ կսիրեք Հայաստանը››,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ փոխադարձ այցելությունները կնպաստեն ինչպես ընտանիքների, այնպես էլ երկու ժողովուրդների և պետությունների միջև բարեկամությանը։ Ի պատասխան Թրան Նգյուետ Թուին շեշտել է, որ Հայաստանն ու Վիետնամն ունեն դարավոր բարեկամություն և այսօր էլ պետք է ջանքեր գործադրել այդ հարաբերություններն առավել զարգացնելու ուղղությամբ։ «Մենք շնորհակալ ենք այն աջակցության համար, որ Հայաստանը ցուցաբերել է Վիետնամին ինչպես անկախություն ձեռք բերելու տարիներին, այնպես էլ հետագայում»,- ասել է Վիետնամի վարչապետի տիկինը։ Հանդիպմանը զրուցակիցները խոսել են կանանց դերի կարևորության և խաղաղության պահպանման մասին։