«Ընտանիքիս համար էլ է շատ հարմար». ինչու է Գևորգ Ղազարյանն ընտրել ԱԵԼ-ի առաջարկը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացողը կարծում է, որ ավելի լավ է խաղալ ավելի ցածր մակարդակով առաջնությունում, քան թե լինել փոխարինող ավելի բարձր խաղամակարդակով առաջնությունում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը մի քանի օրից արդեն կմիանա իր նոր ակումբի` Կիպրոսի ԱԵԼ թիմի մարզումներին։ Նա այս մասին ասաց Sputnik Արմենիային և խոստովանեց, թե ինչու է համաձայնել պայմանագիր կնքել հենց այս ակումբի հետ։

«Պորտուգալական առաջին լիգայի երկու ակումբներ ու ևս երկու ակումբ Կիպրոսից հետաքրքրված էին իմ ծառայություններով: Կային նաև այլ տարբերակներ, որոնք բանակցային փուլում էին: Բայց ԱԵԼ-ի առաջարկը շատ հարմար ու հետաքրքիր էր ինձ համար: Թիմը խաղալու է Եվրոպայի լիգայում, ու արդեն հուլիսի 25-ին մրցելու է հունական «Արիսի» հետ, և դա նույնպես շատ կարևոր հանգամանք էր ինձ համար: Բացի այդ, Լիմասոլում կա և՛ հայկական, և միջազգային դպրոց, այնպես որ ընտանիքիս համար էլ շատ հարմար է»,– ասաց նա:

«Ընտանիքիս համար էլ է շատ հարմար». ինչու է Գևորգ Ղազարյանն ընտրել ԱԵԼ-ի առաջարկը

Հայ ֆուտբոլիստի հետ պայմանագիրը ԱԵԼ-ը կնքել է երկու տարով: Կիպրոսյան ակումբը իր երկրի նախորդ առաջնությունում զբաղեցրել է երրորդ տեղը, հետ մնալով չեմպիոն հռչակված ԱՊՈԷԼ-ից ընդամենը չորս միավորով:

Իջևանցի կինը, Փաշինյանն ու Արցախը. ի՞նչ կուզեր անել ռուս ֆուտբոլիստը Հայաստանում

Հետաքրքրվեցինք, թե ինչու ֆուտբոլիստը նախապատվությունը չի տվել ավելի բարձր մակարդակով առաջնությունում հանդես գալուն։

«Չեմ կարծում, որ Կիպրոսի առաջնության խաղամակարդակը շատ ցածր է: Այս երկրի առաջնությունում համառ պայքար է ընթանում շատ թիմերի մեջ, ու վերջնական հաղթողին գուշակել հնարավոր չէ: Բացի այդ, ավելի լավ է միշտ խաղալ գուցե ավելի ցածր մակարդակով առաջնությունում, քան թե լինել փոխարինող ավելի բարձր խաղամակարդակով առաջնությունում: Շատ կարևոր է ունենալ խաղային պրակտիկա և հետևաբար մարզավիճակ ձեռք բերել»,- ասաց հայ կիսապաշտպանը:

Մեր հավաքականից 2–ը` «Սոչիում». Կարապետյանին լուրջ փորձություն է սպասում. Բերեզովսկի

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի ավարտից հետո Ղազարյանը երկկողմանի համաձայնությամբ խզեց պայմանագիրը պորտուգալական «Շավիշի» հետ, իսկ Կիպրոսի 2019/20 թվականի առաջնությունը մեկնարկելու է օգոստոսի 28-ին, ու Ղազարյանն իր դեբյուտը Կիպրոսի առաջնությունում կարող է նշել «Անորտոսիսի» հետ խաղում: Իսկ մինչ այդ հայ ֆուտբոլիստը, բնականաբար, կարող է աչքի ընկնել իր նոր թիմի կազմում Եվրոպայի լիգայի խաղարկությունում:

«Տամբովը» կես տարով զրկվել է Գելոյանից ու պայմանագիր կնքել Մարկելովի հետ