Հայ համայնքը ներդրում է ունեցել ԱՄՆ-ի զարգացման գործում. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին

Փաշինյանը նշել է, որ մեծապես գնահատում է անկախությունից ի վեր Հայաստանին տրամադրվող ամերիկյան ֆինանսական և տեխնիկական աջակցությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Հպարտ ենք, որ ամերիկահայ համայնքն իր ուրույն ներդրումն է ունեցել ԱՄՆ-ի զարգացման և բարգավաճման գործում՝ լինելով Հայաստանն ու ԱՄՆ–ն կապող կարևոր կամուրջ: Այս մասին իր ուղերձում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` շնորհավորելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Անկախության օրվա կապակցությամբ:

Ինչ է անում բանգլադեշցի Անդոն ԱՄՆ–ում. երևանցին ոչ մի կերպ չի ընտելանում «գործ տալուն»

«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Անկախության օրվա առթիվ: Միացյալ Նահանգների անկախության հռչակումը մեծ ազդեցություն ունեցավ համաշխարհային պատմության հետագա ընթացքի վրա՝ ներշնչանքի աղբյուր հանդիսանալով ազատության ու ժողովրդավարության ձգտող բազմաթիվ ժողովուրդների համար»,–ասել է նա։

Փաշինյանը նշել է նաև, մեծապես գնահատում է անկախությունից ի վեր Հայաստանին տրամադրվող ամերիկյան ֆինանսական և տեխնիկական աջակցությունը. այն մշտապես կարևոր նշանակություն է ունեցել մեր երկրի զարգացման համար: Ըստ նրա` ԱՄՆ-ի օժանդակությունն այսօր ևս թույլ կտա առավել սահուն ու արագ իրականացնել բարեփոխումները և անշրջելի դարձնել ժողովրդավարությունը Հայաստանում:

«Մեծապես կարևորում եմ ԱՄՆ-ի դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կհաջողվի հասնել խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության և անվտանգության»,–ասել է վարչապետը։

Նշենք, որ 1776 թվականի հուլիսի 4-ին ԱՄՆ 13 նահանգի ներկայացուցիչները Ֆիլադելֆիայի քաղաքական խորհրդում ստորագրեցին մի փաստաթուղթ, որը Միացյալ Նահանգները հռչակեց որպես Բրիտանական թագավորությունից անկախ պետություն: