ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Աշխարհում և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրադրությունը զգալի ազդեցություն է ունենում կառույցում ընդունվող որոշումների վրա։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում այս մասին ասաց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը։
ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին թույլ չեն տվել ՀՀ–ից մեկնել Վրաստան
Նրա խոսքով` այսօր ՀԱՊԿ անդամ երկրների ուշադրության կենտրոնում են համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության հարցերը, Աֆղանստանում տիրող իրավիճակն ու դրա ազդեցությունը Կենտրոնական Ասիայի վրա։
«Կովկասյան ուղղությամբ պահպանվում է լարվածությունը` կապված ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելու, ինչպես նաև Վրաստանի տարածքում ՆԱՏՕ–ի ռազմական հաստատման գործընթացի պատճառով», – նշեց Սեմերիկովը։
ՀԱՊԿ–ին անհանգստացնում է նաև Արևելյան Եվրոպայում, Ռուսաստանի և Բելառուսի սահմանների մոտ ՆԱՏՕ–ի զորավարժությունների հաճախականությունը։
Գլխավոր քարտուղարի խոսքով` Բիշքեկում կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարությունների խորհրդի մայիսյան նիստերի ընթացքում ընդունվել են որոշումներ` ուղղված ընթացիկ սպառնալիքների և մարտահրավերների չեզոքացմանը։
Սեմերիկովը կառույցի գործունեության կարևոր ասպեկտ է համարում անդամ երկրների գործունեության արտաքին քաղաքական համակարգումը։